Հալեպահայերը քաղաքականության և թանկացումների մասին
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է
Որքան մոտենում է ապրիլը, այնքան մարդկանց ուշադրությունը կենտրոնանում է մեկ հարցի վրա՝ ով է լինելու Հայաստանի վարչապետը: Եվ եթե Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող հայաստանցիների այս օրերի միակ հետաքրքրությունն այդ է, ապա հալեպահայերի համար այդ հարցն, ինչպես ասում են, տասներորդական հարցերից մեկն է: Նրանց առանձնապես չի հետաքրքրում, թե օրինակ ապրիլից հետո ով կնստի նախագահի կամ վարչապետի աթոռին: Նրանց կարծիքով ով էլ լինի, նույնն է, քանի որ բոլոր տեղերում էլ ղեկավարները սկզբում իրենց գրպանը լցնելու մասին են մտածելու, հետո նոր ժողովրդի:
Ի դեպ, պարզվում է, որ սիրիահայերը քաղաքականությամբ չեն սիրում զբաղվել: Փոխարենը իրենց ողջ միտքն ու ներուժն օգտագործում են օրվա հացն ու ապրուստը վաստակելու համար:
«Հալեպում էլ երբեք քաղաքականությամբ չենք զբաղվել: Չենք հետաքրքրվել նման բաներով: Այնտեղ էլ միայն մեր հացի հետևից էինք վազում»,– ասաց զրուցակիցս, ով չցանկացավ, որ իր անունը գրենք:
Նա նաև ասաց, որ Հալեպում էլ հայկական թերթերը գրում էին ամեն ինչի մասին, սակայն թերթերում գրածից միայն լավ լուրերն են հետաքրքրել:
«Քաղաքականությունը որոշ չափով հեռու է իրականությունից, այդ պատճառով ինձ չի հետաքրքրում: Հայաստանում ապշահար մտիկ եմ անում, թե ինչքան շատ են քննադատություններ անում: Չեն հասկանում, որ այդ քննադատությունը ոչ առաջ է տանում, ոչ էլ ետ: Չեն հասկանում, որ ամեն ինչ նույն ձևով էլ ընթանալու է: Հալեպ էլ այդպես էր»,– ասաց «Փաստի» զրուցակիցը:
Նա նաև նշեց, որ Սիրիայում էլ էր մամուլը քննադատում իշխանություններին, բայց ոչ այնքան, ինչքան Հայաստանում են քննադատում:
«Մեզ մոտ մամուլն այդքան բաց չէր: Ամեն ինչը չափի մեջ էր: Իշխանություններին չքննադատել չի լինի: Դա նրա համար է, որպեսզի իրենք էլ կարողանան սխալն ու ճիշտը տեսնել: Բայց Հայաստանում երբեմն չափն անցնում են: Իմ միակ ցանկությունն է, որ երկինքը խաղաղ լինի, փամփուշտի ձայն չլսենք, մեր զինվորները հանգիստ մեկնեն ծառայելու և նույն ձևով էլ վերադառնան իրենց տուն: Կարևորը խաղաղություն լինի հայրենիքիս մեջ: Եթե դա լինի, մնացածն արդեն հեշտ կլինի»,– ասաց հալեպահայ կինը:
Հարցին, թե արդյո՞ք իրեն անգամ չի հետաքրքրում, որ երկրում կոռուպցիա կամ այլ արատավոր երևույթներ կան, պատասխանեց.
«Ինչքան էլ ուզում է թերթերը գրեն: Միևնույն է, բան էլ չի փոխվի, եթե վերևները չուզեն»:
Խոսելով թանկացումների մասին՝ նա նշեց, որ դեռ հունվարից առաջ է ինքը զգացել թանկացումների ալիքը, քանի որ տեղական արտադրողներից ստացվող ապրանքները սկսել են թանկանալ:
«Հիմա որ նոր «Հարկային օրենսգիրքն» է ուժի մեջ մտել, դեռ չգիտեմ, թե ինչքան հարկ եմ ավել վճարելու: Դեռ սպասում եմ հաշվապահիս: Տա Աստված, հարկերը չավելանան, քանի որ եթե ավելանան, ստիպված ես էլ պետք է իմ ապրանքի գինն ավելացնեմ, իսկ տուժողը պետք է հաճախորդը լինի: Մարդիկ եթե տուժեն, մեր գործերն էլ կտուժեն, քանի որ առևտուրը կքչանա: Ամեն ինչ մեկը մյուսի հետ շաղկապված է»,– ասաց մեր զրուցակիցը:
Մեկ այլ սիրիահայ, ով Հայաստանում ընտանեկան բիզնես է գրանցել և խմորեղենի արտադրությամբ է զբաղվում, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ իրենք Սիրիայում ապրելու ժամանակ էլ, Հայաստան տեղափոխվելուց հետո էլ երբեք քաղաքականությամբ չեն հետաքրքրվել:
«Ամուսինս չի սիրում նման բաներով զբաղվել: Դրանք դատարկ բաներ են: Կարևորը աշխարհին խաղաղություն լինի: Եթե դա լինի, մնացած ամեն ինչն էլ շտկվող հարցեր են: Ես մի բան գիտեմ, որ ոչ մի երկրի ղեկավար էլ ժողովրդի կարծիքը երբեք էլ հաշվի չի առնում: Մարդիկ պետք է դա իմանան ու շատ չքայքայվեն քաղաքականության վրա: Այստեղ ուր կերթաս, իշխանություններին են քննադատում, թերթերը քննադատում են, բայց չե՞ն տեսնում, որ իրենց ասածը ոչ մեկին պետք չի: Ամեն ինչ ուրիշ տեղ է որոշում, ո՞վ է ժողովրդին նայում: Այդպես էր Սիրիայում, այդպես է ողջ աշխարհում»,– խոսքը եզրափակեց մյուս սիրիահայ զրուցակիցս:
Արմինե Գրիգորյան



