20 տարի առանց տրանսպորտի
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է
Լոռու մարզի Դաշտադեմ համայնքը 20 տարի է առանց տրանսպորտ է: Ինչպես նախկինում, այսօր էլ գյուղացիները դժվարությամբ են համայնքից դուրս գալիս: Միայն նրանք են մարզկենտրոնի և հարակից համայնքների հետ շփվում, որոնք սեփական ավտոմեքենա ունեն: Մնացածներն, ինչպես դաշտադեմցիներն են ասում, տարին մեկ են համայնքից դուրս գալիս:
Տաշիր քաղաքից այստեղ կարելի է հասնել կտրելով 10 կմ–անոց գրունտային ճանապարհը, որը նույնիսկ խորհրդային տարիներին ասֆալտապատ չի եղել:
«Անմխիթար ու խրամատներ հիշեցնող գյուղամիջյան ճանապարհների պատճառով շատ անգամ նույնիսկ տաքսիներն են հրաժարվում գյուղ հասնել: Տարիներ առաջ տրանսպորտ ունենալու հույսով դիմել են տարբեր տեղեր, բայց հարցը չի կարգավորվել»,– «Փաստ»–ի հետ զրույցում պատմեցին գյուղացիները:
Դաշտադեմի վարչական ղեկավար Մարինե Խռոյանն ասաց, որ կանոնավոր տրանսպորտ չի գործում տարբեր պատճառներով՝ սկսած տարբեր ընկերությունների՝ մրցույթներին մասնակցելու ցանկության բացակայությունից, քանի որ եկամտաբեր բիզնես չէ, վերջացրած անբարեկարգ ճանապարհներից:
«90–ականներին, որ տրասնպորտ կար, նորմալ աշխատում էր, մարդիկ էլ շատ էին ու գյուղից օրվա մեջ 3 անգամ ավտոբուսը գնում–գալիս էր»,– ասաց նա:
Տեղացիները բողոքեցին, որ Դաշտադեմը միշտ էլ պետական տարբեր ծրագրերից դուրս է մնացել: Նրանց ոգևորել էր վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությունը, ըստ որի մեր երկրում բոլոր համայնքները տրանսպորտով կապահովվեն: Հայտարարությունից մեկ տարի անց, սակայն, խնդրի լուծման ուղղությամբ տեղաշարժ չկա:
«Տրանսպորտ չլինելու պատճառով մեր կաթնամթերքն ու գյուղմթերքը չենք կարողանում տանել Տաշիր վաճառել»,– դժգոհեցին նրանք:
Այսօր Դաշտադեմի 127 բնակիչների հույսը խոշորացումն է: Նոյեմբերին համայնքը միացել է Տաշիր քաղաքին, բայց այնտեղ հասնելու որևէ փոխադրամիջոց չկա:
«Ակնկալում ենք, որ ծրագրի շրջանակներում մոտ ապագայում կարող է տրանսպորտի հարցը լուծվել»,– նշեց համայնքի վարչական ղեկավարը:
Այս կողմերում միակ զբաղմունքն անասնապահությունն է ու արտագնա աշխատանքը: Կաթը հանձնում են Տաշիրի պանրի գործարանին: Գյուղացիները, սակայն, ասացին, որ եկամուտ ունենալու համար երկու–երեք կովից ստացած կաթը բավարար չէ, մեծ գլխաքանակ է պետք, ինչի հնարավորությունը քչերն ունեն: Տարիների ընթացքում շատերը գյուղից հեռացել են՝ Տաշիր, Վանաձոր, Երևան, Մոսկվա, ով որտեղ կարողացել է: Ով էլ մնացել է՝ օրվա հացի խնդիր է լուծում:
«Խանութում մի լիտր ջուրը 200 դրամ արժի, մեզնից կաթի լիտրը 120 դրամով են ընդունում: Դուրս է գալիս՝ ջուրն անարատ կաթից թանկ է: Չորս–հինգ տարի առաջ 170 դրամով էին ընդունում, հետո իջավ մինչև 90 դրամ, հիմա՝ 120–130 է: Մի կով պահելու համար գյուղացին առավոտյան 6–ից երեկոյան 9–ը քանի ժամ է գոմում ու դաշտում աշխատում, քրտինք թափում. վերջում 7 լիտր կաթ է տալիս, ստացած գումարի մի մասն էլ ձմեռվա խոտ ենք գնում ու վերջ»,– պատմեցին անասնապահությամբ զբաղվողները:
Մանյա Պողոսյան



