Արամ Սարգսյան. «Արմեն Սարգսյանն ինքնաբավ անձնավորություն է և չի կարող այստեղի գայլերին նմանվել»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է
Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը Արմեն Սարգսյանին լավ ճանաչելով` կարծում է, որ միանշանակ ճիշտ որոշում է կայացրել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը և ուրախ կլինի, եթե առաջարկին համաձայնի և ստանձնի ՀՀ 4–րդ նախագահի պաշտոնը:
«Ինչ վերաբերում է նրա լիազորությունների իրականացմանը, ապա ընթացքը ցույց կտա, թե Արմեն Սարգսյանն ինչպիսի ազդեցություն կունենա ընդհանուր քաղաքական գծի իրականացման վրա և որքանով ինքնուրույն քաղաքականություն կվարի այն լիազորությունների շրջանակներում, որը կտրվի նրան նոր Սահմանադրությամբ»,– ասաց Ա. Սարգսյանը:
Քաղաքական գործիչը նաև համոզված է, որ 4–րդ նախագահի թեկնածուն կարող է արդարացնել բոլորի սպասումները: Քննադատությունների հետ, թե այս ընտրությամբ ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ ՀՀԿ–ն թե՛ կուսակցության, թե՛ երկրի ներսում կադրերի դեֆիցիտ ունի և այդ պատճառով է ամեն անգամ դիմում դրսի հաջողակ ու կայացած մասնագետներին, ՀԴԿ նախագահը համաձայն չէ:
«Արմեն Սարգսյանը դրսի մարդ չի: Նա երևանցի է, այստեղ է ծնվել, մեծացել և այստեղ է կայացել: Կա նաև պատճառը, թե ինչու նա որոշակի ժամանակ դուրս մնաց քաղաքական անցուդարձից: Այնպես որ, ես չեմ կարծում, որ նա դրսից է: Հակառակը, ես կարծում եմ, ամենակարևոր հարցն այն է, թե որքանով ինքն իր ինտելեկտուալ կարողությունները և կապերը կկարողանա ծառայեցնել ի նպաստ մեր երկրի, և որքանով նրա հնարավորությունները չեն սահմանափակվի»,– ասաց Ա. Սարգսյանը:
Քննադատությունները, թե Արմեն Սարգսյանն, այնուամենայնիվ, խարիզմատիկ կերպար չէ և վարչապետ աշխատած տարիներից էլ նա հանրության հիշողության մեջ մնացել է որպես կիրթ, հավասարակշռված, բայց ոչ ուժեղ կերպար, Ա. Սարգսյանը սխալ է համարում:
«Միանշանակ կարող եմ ասել, որ հիմա գուցե շատերին հարմար է նման բաներ ասելը, սակայն ես հավաստիացնում եմ, որ նա ամենևին էլ թույլ կերպար չի եղել»,– ասաց Ա. Սարգսյանը:
Անդրադառնալով այն քննադատություններին, թե նախագահի թեկնածուն Ամուլսարի հանքավայրը շահագործող ընկերության փայատերերից է: Այսինքն, ստացվում է, որ անմիջականորեն կապված է Հայաստանին էկոլոգիական վտանգի առջև կանգնեցնող ընկերության հետ, ինչը նույնպես մտահոգիչ կարող է լինել, և նրա նշանակմամբ, վաղը–մյուս օրը ողջ Հայաստանը կվերածվի պոչամբարներով հարուստ երկրի, Ա. Սարգսյանն ասաց.
«Նա երկար տարիներ է բիզնեսով զբաղվում և տարբեր ընկերություններում տնօրենների խորհրդի անդամ է: Ես չգիտեմ` նա Ամուլսարի հանքավայրը շահագործող ընկերության հետ կապ ունի, թե ոչ, բայց գիտեմ մեկ բան, որ ի վնաս Հայաստանի նա երբեք ոչինչ չի անի: Ես դրանում համոզված եմ, և չեմ կարծում, որ կա այնպիսի մի շահ, որը կարող է նրան ստիպել նման բան անել: Արմեն Սարգսյանը բավականին կիրթ, ինքնաբավ անձնավորություն է և չի կարող այստեղի գայլերին նմանվել:
Դա բացառվում է, քանի որ նրա ինտելեկտը և ներքին կուլտուրան թույլ չի տա, որ նա այդպիսի քայլեր անի: Խնդրում եմ` ինձ ճիշտ հասկացեք, բայց ժամանակին, երբ ասում էինք, որ Երևանում ընդամենը շենքի մի մուտքի չափ երևանցի է մնացել, ապա այդ «մուտքում» Արմեն Սարգսյանն անպայման տեղ ունի: Իսկ այն մարդիկ, ովքեր և՛ քաղաքի ավանդույթները լավ գիտեն, և՛ քաղաքի գինը լավ գիտեն, և՛ երկրի ու ժողովրդի խնդիրներին են ծանոթ, նրանցից չարժե վատ բան սպասել: Այնպես որ, եկեք սպասենք և տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Ես մաղթում եմ, որ նա միայն հաջողություն ունենա»:
Արմինե Գրիգորյան



