Բացահայտվել են Ալավերդի քաղաքում կատարված սպանության հանգամանքները. ձերբակալվել է հանցավոր խմբավորման ղեկավարը
ОБЩЕСТВО2017 թվականի հունիսի 13–ին՝ ժամը 12:10–ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գործող ծաղկի վաճառքի սրահի դիմաց նույն քաղաքի բնակիչ, 1991 թ. ծնված Վլադիմիր Դավթյանը համաքաղաքացի, 1978 թ. ծնված Կամո Փիրուզյանին սպանելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող «Մակարով» տեսակի ատրճանակից 8 անգամ կրակել է վերջինիս մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով Կամո Փիրուզյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է:
Վլադիմիր Դավթյանը նույն պահին բռնվել է նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության Թումանյանի բաժնի աշխատակիցների կողմից:
Դեպքի առթիվ 2017 թվականի հունիսի 13–ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի 1–ին մասով և 235–րդ հոդվածի 1–ին մասով հարուցվել է քրեական գործ:
Դեպքի վայրի զննությամբ` հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակը:
2017թ. հունիսի 13–ին Վլադիմիր Դավթյանը ձերբակալվել է:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության կատարած մեծածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության իրականացրած քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ Վլադիմիր Դավթյանը հանդիսանում է Վ.Ա.–ի կողմից ստեղծված և ղեկավարվող հանցավոր համագործակցության անդամ և Կամո Փիրուզյանի սպանությունը կատարել է վերջինիս պատվերով:
Ձեռք բերված տվյալների հիման վրա Վ.Ա.–ի կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում 2017թ. դեկտեմբերի 29–ին հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը շարունակվում է Կամո Փիրուզյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի հետ նույն վարույթում:
2018 թ. հունվարի 18–ին Երևան քաղաքի՝ իր վարձակալած բնակարանից բերման է ենթարկվել Վ. Ա.–ն, ով հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու, Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել է: Նույն օրը «Գինետուն» հյուրանոցային համալիրից բերման են ենթարկվել և Վ. Ա.–ի ղեկավարած հանցավոր համագործակցությանը անդամակցելու կասկածանքով ձերբակալվել են Ա. Մ.–ն և Ա. Հ.–ն:
Նախաքննությունը շարունակվում է:



