Հե՛չ լավ օրից չէ. 2018–ի ապրիլն էլ դանդաղ է մոտենում
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է
Բացում ես թերթերը, մտնում ես կայքերը, բոլորը միաբերան մի բանի մասին են խոսում: Ավելի ճիշտ մի բան են անում՝ կանխատեսումներ: Իսկ եթե ավելի ճշգրիտ բնութագրենք՝ կանխագուշակություններ: Թե ապրիլից հետո ով ինչ պաշտոն է ստանձնելու, ով որտեղ որ պաշտոնին է գնալու, ով ինչ է անելու, ով է թոշակի գնալու, ով՝ ոչ:
Ու միևնույն տեղի համար այնքան խայտաբղետ մարդիկ են հիշատակվում՝ ամենաինտելեկտուալներից մինչև ամենաօդիոզ դեմքերը, մականունավորներից մինչև ինտելիգենտներ:
Հիմա պարզապես մի բան է արդեն հասկանալի դառնում. այս պարագայում ցանկացած մեկը թուղթն ու գրիչը կարող է վերցնել ու հանգիստ խղճով իր տարբերակները ներկայացնել:
Անգամ բանը հասել է այնտեղ, որ սա անելու համար այլևս հարկավոր չեն «չճշգրտված տեղեկությունների համաձայն», «մեր աղբյուրի հավաստմամբ», «արտահոսքի հետևանքով հայտնի դարձած» և համանման արտահայտությունները: Բոլորը գրում են թեկնածուների ու ապագա պաշտոնյաների մասին. դո՛ւ էլ գրիր:
Լավ, ժողովո՛ւրդ, մեր այդ կանխատեսում–կանխագուշակումներն ի՞նչ օգուտ են տալիս: Որևէ առումով, թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական առումներով ինչ–ինչ ազդեցություն ունենո՞ւմ են, թե ոչ:
Անգամ տեղեկատվական առումով սրանց մեջ օգուտ չկա: Ինչո՞ւ ենք այս պարապ խոսակցությունները վարում ու նրանց, ովքեր իրավասու են այդ հարցերը վճռելու, այդքան հաճույք պատճառում: Պատկերացնում եմ նրանց հռհռոցը, երբ հերթական անգամ մի թեկնածուի են բերում ու դնում հասարակության առաջ:
Լուրջ չէ: Չէ՛:
Սպասենք, շատ չմնաց. Էսօր–էգուց այդ հարցը լուծվելու է: Ինչո՞ւ ենք ժամանակից առաջ ընկնում: Առավել ևս, որ մեր ձեռքին ոչինչ էլ չկա: Որոշողը որոշել պրծել է, տվյալ պաշտոնին ներկայացվողն էլ արդեն հայելու առաջ մազերն է սղալում:
Ընդ որում, եթե խոսենք ապագա վարչապետի մասին, հասկանալի կլինի որոշ չափով: Ի վերջո անհանգստություն է երկրի ճակատագրի հանդեպ, ի վերջո այս մարդն է վարելու երկիր–պետություն նավը: Նաև քաղաքական ինտրիգ կա հարցի մեջ: Նաև, թե ով կլինի երկրի ղեկավարը, դրանից և կարող է կախված լինել մեր երկրի կառավարման համակարգի որակը:
Բայց որ քնում արթնանում ու սկսում ենք խոսել արտգործնախարարի, էն նախարարի կամ թեկուզ հենց նախագահի մասին, որը հասկանալի է, իրավունքներից զուրկ գեղեցիկ ներկայացուցչական պաշտոն է ընդամենը, ա՛յ, արդեն հեչ հասկանալի չէ:
Կամ էլ հասկանալի է. ժամանակը երկար ձգվեց, դանդաղ է մոտենում 2018–ի ապրիլը: Ու մեր քաղաքական դաշտը սսկված սպասում է, միայն սպասում է. շարժ չկա, անելիք չկա, իրարանցում չկա, միայն լուռ սպասում է:
Դե, մարդիկ էլ, ովքեր թերթի էջեր պետք է լցնեն, կամ կայքին որպես սնունդ նյութեր պետք է մատակարարեն, ի՞նչ անեն: Ստիպված այս հարցերն են վերցնում–դնում:
Լավ օրից չէ: Հե՛չ լավ օրից չէ:
Գոհար Սարդարյան



