Կարեն Կարապետյանը՝ բենզինի, սեղմած գազի և դիզվառելիքի թանկացման մասին
ПОЛИТИКАԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետն անդրադարձավ բենզինի, սեղմած գազի և դիզվառելիքի թանկացմանը: Վարչապետն ասաց, որ բենզինը Հայաստանում թանկացել է 20 դրամով: «Այս պահին Վրաստանում բենզինի գինն ավելի բարձր է` այն դեպքում, երբ մենք բենզինը մեր երկիր տրանզիտով բերում ենք հենց Վրաստանից:
Բացի այդ, բենզինի օգտագործողը ունի այլընտրանք՝ սեղմած գազը: Գազը թանկացել է 20 դրամով, դարձել է 190–220 դրամ: Սեղմած գազի դեպքում վերականգնվել է այն գինը, որ եղել է 2015թ.: Լավ չէ, որ թանկացել է սեղմած գազի գինը, սակայն սա նոր պահանջ չէ, քանի որ մենք շուկայում այս գնով աշխատել ենք և այն ժամանակ էժանացրել ենք, քանի որ այդպիսի հնարավորություն է եղել»,– մանրամասնեց վարչապետը՝ նշելով, որ սեղմած գազի գինը հարևան Վրաստանում ևս թանկացել է ու ավելի թանկ է, քան Հայաստանում՝ 260–310 դրամ:
Անդրադառնալով դիզվառելիքի թանկացմանը՝ վարչապետն ընդգծեց, որ վառելիքի այս տեսակի թանկացումը որոշ առումով կարող է ռիսկային լինել գյուղատնտեսության համար: Կարեն Կարապետյանը տեղեկացրեց, որ գյուղատնտեսության նախարարությունը հաշվարկներ է արել և պարզել, որ գյուղատնտեսական ապրանքները կարող են դրա հետևանքով թանկանալ:



