Վիգեն Սարգսյանի մոտ գոյություն ունի հանրության հետ շփման պրոբլեմ
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթի հյուրն է քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը
– Պարոն Մեհրաբյան, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վերջերս անընդհատ սկանդալների մեջ է հայտնվում: Ո՞րն է դրա պատճառը, ինչի՞ հետ եք դա կապում:
– Նա ունի հանրության հետ շփման խնդիրներ: Նման խնդիրներ կան, և դրանք մնում են դեռևս չլուծված: Դրա հետևանքով էլ ծագում են այդ անախորժությունները:
– Իսկ ինչո՞ւ նա արեց դրամահավաքի այդ առաջարկությունը: Համարժե՞ք էր այն եղած իրավիճակին: Ի վերջո, կարող էր և նման բան չանել:
– Հանգանակություն հայտարարելը վատ բան չէ ինքնին: Սակայն տեսանք, որ այն ուղեկցվեց անհաջող հասարակական արձագանքով, որը ստվեր գցեց տվյալ նախաձեռնության վրա:
– Մեր ժողովո՞ւրդն է չարացած: Դա՞ է պատճառը:
– Դե, իհարկե, դա էլ կա: Բայց, իհարկե, միայն դա չէ պատճառը:
– Իսկ գուցե դրանով նախարարը ցանկանում էր իր նախաձեռնած Ազգ–բանակ հայեցակարգին բովանդակությո՞ւն տալ, այսպես ասած:
– Չեմ կարող բացառել, որ գուցե և նման շարժառիթ էլ կար նրա կողմից արված այդ քայլում:
– Իսկ որպես հրապարակային գործչի՝ նախարարի այդ հայտը ողջունո՞ւմ եք, թե ոչ: Նկատի ունեմ ֆեյսբուքյան նրա գործունեությունը:
– Ես կարծում եմ, որ ընդհանրապես պետական պաշտոնյաները չպետք է խորշեն հանրության հետ շփումներից: Այդ թվում՝ նաև ֆեյսբուքի միջոցով:
Այնպես որ, նորմալ է, երբ նա շփվում է ֆեյսբուքով: Բայց թե այդ շփման արդյունքում ի՞նչ ստացվեց, հարցը դա է: Փաստն այն է, որ այդքան էլ լավ չստացվեց:
– Իսկ այն կասկածները, որ այս ամենի հետևում կանգնած են որոշ ուժեր: Նաև՝ հե՛նց պաշտպանության նախարարությունից: Գեներալների որոշ խմբեր ցանկանում են արգելակել նախարարի գործունեությունը և այլն, և այլն: Ո՞նց եք դիտում այս ամենը:
– Չեմ բացառում, որ նման բաներ էլ կարող են լինել: Որովհետև պաշտպանության նախարարի պաշտոնն առանցքային պաշտոն է, և միշտ չէ, որ այդ պաշտոնում նշանակված մարդը կարող է բոլորի սրտով լինել: Ուստի, բացառված չէ նաև, որ կարող են խարդավանքներ լինել: Սա՛ էլ կարող է լինել:
Բայց կրկնում եմ, որ այս դեպքում որոշիչը դա չէ: Որոշիչն այն է, որ կա, գոյություն ունի հանրության հետ շփման պրոբլեմ: Եվ այս պրոբլեմի դրսևորումն է այս ամենը: Մնացածը հարակից շարժառիթներ են, հարակից գործոններ են:
– Իսկ ինչո՞ւ մեր երկրում պաշտոնյան չի կարողանում շփվել հանրության հետ:
– Չի կարելի հարցը ընդհանրացնել: Պաշտոնյաներ կան, որ շատ լավ էլ շփվում են: Պաշտոնյաներ կան, որ ժամանակից շուտ նյարդայնանում են շփման ընթացքում:
– Իսկ ի՞նչ եք կարծում՝ այս միջադեպը ստվեր կգցի՞ պաշտպանության նախարարի վրա:
– Բնականաբար: Համենայն դեպս, բացասական նստվածքը մնացել է արդեն իսկ:
– Նախարարի գործունեության մեջ դուք տեսնո՞ւմ եք ռեալ քայլեր բանակում եղած իրավիճակը շտկելու, կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու ուղղությամբ:
– Համենայն դեպս, ցանկություններ և մտադրություններ նրա մոտ ես տեսնում եմ: Այլ հարց է, թե որքանո՞վ դրանք կարող են էֆեկտիվ լինել:
Այդ արդյունքները կարող է գնահատել, բնականաբար, հանրությունը: Որովհետև դա, ի վերջո, լայն հանրությանն առնչվող խնդիր է, և հնարավոր չէ չեղած բանը ցույց տալ, թե այն իրականում կա: Կամ էլ լինեն իրական տեղաշարժեր, և կողքից մարդիկ նայեն ու ասեն, թե դրանք չկան, գոյություն չունեն: Նման բան էլ չի կարող լինել: Քանի որ ամեն ինչ երևացող է, մակերեսին է:
Գոհար Սարդարյան



