Դիլիջանում տեղի է ունեցել քաղաքի նոր եկեղեցու հողօրհնության արարողությունը
ОБЩЕСТВОԴիլիջանում հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել քաղաքի նոր եկեղեցու հողօրհնության արարողությունը եւ հայտարարվել է եկեղեցու կառուցման ծրագրի մեկնարկի մասին: Ինչպես տեղեկացրին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնից, եկեղեցին կառուցվում է Մայր Ô �թոռ Սուրբ Էջմիածինի, Դիլիջանի քաղաքապետարանի, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ու «Դիլիջանի զարգացման հիմնադրամ»-ի համատեղ ջանքերով: Ծրագրի դոնորներն են բարերարներ Ռուբեն Վարդանյանը, Գագիկ Ադիբեկյանը, ինչպես նաեւ Մաքսիմ Աթայանցն ու Արմեն Կարապետյանը:
Հողօրհնության հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, IDeA-ի և «Դիլիջանի զարգացման հիմնադրամ»-ի ղեկավարներ Էդգար Մանուկյանն ու Արթուր Հակոբյանը, մարզային եւ քաղաքային իշխանությունների ղեկավարներ, բազմաթիվ հյուրեր եւ դիլիջանցիներ:
Հողի օրհնության արարողությունը կատարվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ: Նոր եկեղեցին կառուցվելու է Աղստև գետի աջ ափին` Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին հարող տարածքում: Եկեղեցու նախագծի հեղինակը պետերբուրգցի հայտնի ճարտարապետ Մաքսիմ Աթայանցն է:
«IDeA հիմնադրամը Դիլիջանում զարգացման տարբեր ծրագրեր է իրականացնում, որոնցից մեկն էլ քաղաքում եկեղեցու կառուցման ծրագիրն է: Ճարտարապետ Մաքսիմ Աթայանցը հետաքրքիր ճարտարապետական լուծումներով նախագիծ է առաջարկել: Վստահ ենք, որ եկեղեցին իսկապես հոգեւոր կենտրոն կդառնա քաղաքի բնակիչների համար»,-նշել է IDeA հիմնադրամի ղեկավար Էդգար Մանուկյանը:
Եկեղեցին լինելու է կենտրոնագմբեթ՝ երկու զանգակատնով, վերջիններս տեղադրվելու են գմբեթի երկու կողմերում՝ երկթեք տանիքների վրա։ Եկեղեցին տեղադրված է լինելու 4,5 մ բարձրությամբ պատվանդանի վրա, որի ներսում կգործեն հասարակական օգտագործման տարածքներ՝ կամարակապ սրահի միջով բացվելով դեպի գետափնյա փողոցը: Եկեղեցու ընդհանուր մակերեսը լինելու է 550 քմ:
Ներկայումս ընթացքի մեջ են նախագծային-նախահաշվային աշխատանքները, շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2016թ. ապրիլից:



