Միլիոնավոր տերերի ապահով երկիրը
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է
Ապրեցինք 2017 թվականն ու այն արդեն ճանապարհում ենք: Յուրաքանչյուրը յուրովի է հրաժեշտ տալու անցնող տարվան: Ամեն մեկը հիշելու է այն, ինչ ունեցավ այդ տարվա մեջ: Եվ այն, ինչը, ավա՜ղ, նաև կորցրեց: Կորցնելն էլ անհրաժեշտ է: Որովհետև եթե չես կորցնում, տեղ չի բացվում նորն ունենալու համար:
Սակայն մենք ունենք մեկ ընդհանուր ես նաև: Դա մեր հավաքական ինքնությունն է, որ հազարավոր անգամներ տարիներ է ճանապարհել դեպի անցյալ ու նայել եկող տարվա աչքերին:
Այդ եսը, այդ համախումբը, որ այսօր կոչվում է հայ ժողովուրդ՝ իր Հայաստանի Հանրապետություն իրական կենտրոնով, մենք ենք՝ ամենքս ենք:
Մեր առանձին– առանձին ճակատագրերը միաձուլելով, ապրում ենք հողագնդի այս անկյունում ու փորձում ենք մեր տունը պահել–պահպանել ու ապահով փոխանցել վաղվա մարդուն, ով ծնվելու ու գալու է նոր տարվա հետ:
Ամեն մեկս թող իր գործն անի դրա համար: Այդ դեպքում արդեն մեր երկիրն էլ կլինի այն երկրներից, որոնց մասին խոսելով հաճախ ենք մատնացույց արել որպես օրինակ, թե ինչպես պետք է կառուցել երկիրը, որտեղ մարդը քաղաքացի է, և քաղաքացին նաև երկրի տեր է: Եվ հազարավոր, միլիոնավոր տերերի դեպքում արդեն ապահով է երկիրը:
2017 թվականը մեզ ուղի մատնանշեց այդպիսի երկիր կառուցելու համար: Որտեղ այլևս ոչ ոք հարկ չի համարի ձեռքը թափ տալ ու ասել՝ սա երկիր չի՛ ու երկիր չի՛ դառնա:
Պատրաստակամություն հայտնեցինք քայլելու մեր ուզած երկիրը կառուցելու ճանապարհով: Դրա համար կնքեցինք համաձայնագիր Եվրամիության հետ:
Ճանապարհը նախանշել ենք. կքայլե՞նք նրանով: Մեզանի՛ց է կախված: Կախված է յուրաքանչյուրիցս առանձին–առանձին: Որ ամեն մեկն իր տեղում ու իր ձևով ջանա դրա համար: Այս դեպքում արդեն հավաքական մեր եսի ընթացքը անկասելի կդառնա ժամանակների հոլովույթում:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Կհանդիպենք 2018–ին:



