Որեւէ ծեծկռտուք չի եղել․ Մանուկյանն ու Բագրատյանը հերքում են
ОБЩЕСТВОԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների միջեւ որեւէ միջադեպ, այդ թվում եւ ծեծկռտուք տեղի չի ունեցել։ ԱԺ պատգամավորներ Արթուր Մանուկյանն ու Սերգեյ Բագրատյանը Araratnews.am-ի հետ զրույցում հերքեցին լրատվամիջոցներում տեղ գտած այն հրապարակումները, թե «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից մեկի աշխատասենյակում իրենց միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել։ Արթուր Մանուկյանը տեղի ունեցածի վերաբերյալ կարճ արձագանքեց, նշելով, որ որեւէ նման դեպք տեղի չի ունեցել։ Աշխատանքային բարձր քննարկումը ըստ նրա որակվել է որպես վիճաբանություն։
Նույնը պնդեց նաեւ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ «Նման բան չէր կարող լինել մի քանի պատճառով։ Առաջինը՝ երբ, որ մենք քվեարկությունը բոյկոտեցինք, դուրս եկանք եւ գնացինք խմբակցություն։ Այնտեղ մոտ տասը պատգամավորով քննարկում էինք, արդյո՞ք չքվեարկելն էր ճիշտ, թե դեմ քվեարկելը։ Հաշվարկ ենք արել, բարձր- բարձր խոսել ենք։ Դուրս որ եկանք լրագրողներ էին դռան մոտ, եւ քայլելով գնացի Դավիթ Մանուկյանի աշխատասենյակ։ Այնտեղից էլ Դավիթն ու Արթուրը դուրս եկան։ Նա ինձ թեւանցուկ արեց, եւ մենք խոսում էինք, թե որն էր ճիշտ։ Ես ասեցի այսպես, այնպես։ Երեւի դա են նկատի ունեցել, որ բարձր ենք խոսել, եւ կապել են իրար, բայց որեւէ նման բան չի եղել»,- ասաց Սերգեյ Բագրատյանը։
Ըստ նրա խմբակցությունում պատգամավորների հարաբերությունները հարգալից են, եւ բացի այդ Արթուր Մանուկյանն իր տղայի հասակակիցն է։ «Ինձ հորեղբայր է անվանում, իր հայրը իմ ընկերն է»,- ասաց Ս․ Բագրատյանը։ Նրա խոսքով՝ խմբակցությունում ուղղակի բարձր քննարկում էին իրականացրել, եւ յուրաքանչյուր պատգամավոր իր տեսակետն է հայտնել, ինչն էլ աղմուկի է վերածվել։ «Ամեն մեկը իր տեսակետն էր հայտնում, եւ բնականաբար բարձր ես խոսում, ուշադրություն ես գրավում։ Ես երբ դուրս եմ եկել աշխատասենյակից տեսել եմ մի քանի լրագրողի։ Այնտեղ կանգնած տղաներն էլ ասեցին, որ բարձր էինք խոսում եւ աշխատասենյակից լսելի է եղել»,- ասաց նա։
Փայլակ Ֆահրադյան



