Դպրոցի տնօրեն. «Պատուհանների պատճառով չենք կարողանում դասասենյակներում նորմալ ջերմություն ապահովել»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է
Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Զովք բնակավայրի` Արցախում զոհված ազատամարտիկ Գագիկ Շահինյանի անվան միջնակարգ դպրոցն անմխիթար վիճակում է գտնվում:
Դպրոցի 108 աշակերտները հանրակրթական ուսուցումը ստանում են 30 տարի առաջ կառուցված շենքում, ուր մինչև օրս չի այցելել ոչ մի պետական և մարզային պաշտոնյա՝ ծանոթանալու դպրոցի բազմաթիվ խնդիրներին: Այս մասին «Փաստին» ահազանգեցին ծնողները:
Նրանց պատմելով՝ անձրևների և ձնհալի ժամանակ աշակերտները դասերն անց են կացնում դույլերի մեջ կաթկթացող ջրի ականջ սղոցող ձայների տակ: Ավելի վտանգված է համակարգչային դասասենյակի վիճակը, որտեղ խոնավությունից մտավախություն կա, որ շարքից դուրս կգան դժվարությամբ ձեռք բերված համակարգիչները:
Քանդված է նաև դպրոցի մանրահատակը: Պատուհանների ճեղքերից էլ քամի է փչում: Ստիպված պոլիէթիլենային ծածկով են պատուհանները փակում: Ծնողները կոչ են անում ուշադրություն դարձնել դպրոցին:
Տնօրեն Շողիկ Գևորգյանի խոսքով՝ կուտակված խնդիրներն այդպես էլ տարիներով լուծված չեն: Այս ընթացքում միայն կարողացել են տանիքը մասնակի վերանորոգել: Տանիքի ջարդված ազբոշիֆերները փոխարինել են նոր թիթեղներով:
«Մի հատվածն է նորոգվել, իսկ մնացածը նույն վիճակում է՝ անձրևի ժամանակ կաթոցներ են լինում: Դպրոցը վերանորոգման խնդիր ունի»,– ներկայացրեց նա:
Դպրոցը լոկալ ջեռուցման համակարգ ունի, բայց դասասենյակներում անհրաժեշտ տաքությունը չեն կարողանում պահպանել: Պատուհանները ջարդուխուրդ վիճակում են՝ ցուրտը ներս է սողոսկում:
«Պենոպլաստ ենք բերել լուսամուտների արանքում փչել, որ ցուրտ չլինի: Լուսամուտների պատճառով ներսում ջերմությունը չի պահվում: Լուսամուտները պետք է փոխեն, կոյուղին պետք է փոխվի, տանիքը՝ նույնպես»,– խնդիրները թվարկեց տնօրենը:
Այստեղ պնդում են, որ սեփական միջոցներով բարեկարգում կատարելն անհնարին է:
«Բյուջե չունենք, շատ սուղ պայմաններում ենք, մի կերպ կարողանում ենք գոյատևել»,– ասաց նա:
Համայնքի նախկին ղեկավար Նորիկ Գևորգյանը փոխանցեց, որ այս տարիների ընթացքում կարողացել են միայն տանիքը կարգի բերել:
Զովքի բնակիչները խնդիրների լուծման հույսը խոշորացման հետ են կապում: Նրանք ակնկալում են, որ ծրագրի արդյունքում իրենց երեխաները կաթոցների տակ այլևս դաս չեն անցկացնի:
Դպրոցի տնօրենը այս հարցում երկմտում է:
«Դեռ նոր ենք խոշորացվել, չգիտեմ՝ ինչ կլինի: Աչքս պետք է տեսնի՝ նոր լավ ու վատ կողմերից խոսենք»,– նշեց նա:
Մանյա Պողոսյան



