ԵՊՀ ռեկտորը խառնվելու մտադրություն չունի, քանի որ այս ամենում ավանտյուրա է տեսնում
ОБЩЕСТВОԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն՝ անդրադառնալով տարկետման իրավունքի սահմանափակման դեմ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից Դավիթ Պետրոսյանի և Յուրի Ավագյանի հացադուլի հայտարարությանը, լրատվամիջոցներից մեկին ասել է, որ խառնվելու մտադրություն չունի։
Նա նաև տեղեկացրել է, որ հացադուլի մասնակից Յուրի Ավագյանը հիմա իրենց բուհի ուսանող չէ, քանի որ անբավարար առաջադիմության պատճառով հեռացվել է համալսարանից:
«Անբավարար առաջադիմությամբ հեռացված ուսանողը հիմա որոշել է գիտության համար պայքարել, ծիծաղելի չէ՞ դա: Նա ընդհանրապես կապ չունի ԵՊՀ-ի հետ: Հիմա, որ գնացել մտել են լսարան, ի՞նչ անեմ: Ես ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում: Ավանտյուրա են անում, հիմա ես ի՞նչ անեմ: Կզզվեն իրենց արածից, կթողեն կգնան»,-ասաց Արամ Սիմոնյանը:
Ա. Սիմոնյանը տեղեկացրել է նաև, որ ինքը երբևէ չի բանակցել հացադուլ անող ուսանողների հետ, քանի որ համոզված չէ անգամ, որ նրանք հաց չեն ուտում:
«Դավիթ Պետրոսյանը նստել է, իր համար որոշել է, որ հացադուլ անի: Գնամ, ասեմ հացադուլ մի արա՞: Մեծ տղա է, եթե որոշել է սոված մնալ, թող մնա»,-ասաց Սիմոնյանը:
Նա նշել է, որ բուհի ուսանողությունը ցանկություն չունի հացադուլ սկսած ուսանողներին աջակցելու կամ նրանց պահանջին միանալու, քանի որ հիմա քննական շրջան է և ուսանողները զբաղված են դրանցով:



