Ինչպես կոչել այս սերը. ՀՀԿ–ում Սերժ Սարգսյանի պաշտամունք է
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է
Հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանը, պատասխանելով լրատվականներից մեկի հարցերին, նշել է, թե գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը քարոզարշավի կարիք չունի: Մինչ այդ էլ Էդուարդ Շարմազանովն էր շեշտադրված կերպով Սերժ Սարգսյանին գերագույն գլխավոր հրամանատար անվանել:
Իհարկե, այն, որ Սերժ Սարգսյանը գերագույն գլխավոր հրամանատարն է սահմանադրորեն՝ փաստ է: Բայց հանրապետական պատգամավորները ոչ թե փաստն են մեջբերում, այլ օգտագործում են փաստը՝ հավելյալ քաղաքական իմաստներ հաղորդելու համար:
Եթե ավելի պարզ խոսենք, ապա հանրապետականների ասածը մեկն է՝ Սերժ Սարգսյանը ավելին է, քան նախագահը, նա առաջնորդ է (համահայկական), նա գերագույն գլխավոր հրամանատար է, նա անփոխարինելի է, անվտանգության երաշխավորն է և այլն: Արդեն առիթ ունեցել ենք ասելու, որ Սարգսյանի հանդեպ ՀՀԿ ներսում տիրող այս ռոմանտիկ զեղումերի պատճառը ոչ թե Սարգսյանի հանդեպ սերն է, այլ սեփական տեղի ու դերի համար անհանգստությունը, որը սրվել է վերափոխվող քաղաքական համակարգի պայմաններում: Հետաքրքրական է, որ այս զեղումները հաճախակի են դառնում, այն սկսում է ընդգրկել շատերին, կարծես մարաթոն է սկսվել, որին բոլորը իշխող կուսակցությունում փորձում են մասնակցել: Արդյոք սա խուճապի նշան է, թե պարզապես Սերժ Սարգսյանը հավատարմության անվանականչ է հայտարարել ու փորձում է ստուգել թե ով ով է, ով է պատրաստ ամենաիռացիոնալ միտքն էլ արտահայտել, միայն թե իր հանդեպ հավատարմությունն ապացուցի:



