Բարաթը, թուղթը ո՞ւր է
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է
Նախորդ շաբաթ «Փաստն» անդրադարձել էր Լոռու մարզի Սարչապետ համայնքում առկա ջրի խնդրին: Ինչպես արդեն գրել էինք՝ գյուղի մի քանի թաղամասերի բնակիչներ 2016 թ. սեփական ուժերով ջրագիծ էին քաշել, ինչն այսօր «Վեոլիա ջուր» ընկերության կողմից անօրինական է որակվում:
Մենք խոսեցինք նաև «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանի հետ, ով գյուղացիների ինքնագործունեությունը որակեց օրենքի խախտում: Սարգսյանի խոսքով՝ ընկերությունն իրավունք չունի ապօրինությունը շահագործման ընդունել: Իսկ ապօրինություն է, քանի որ ըստ օրենքի՝ նման աշխատանքները պետք է կատարի շինարարական կազմակերպությունը և միայն նախագծի հիման վրա:
Այս հունվարի 1–ից Հայաստանում ջրամատակարարման վերաբերյալ օրենքները փոխվել են: Սարգսյանն ասում է, թե՝ իրենք ողջունում են բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ջրագիծ քաշել, սակայն պետք է միայն օրենքով շարժվել:
Դիտարկմանը, թե գյուղացիների ընկերությանն արված դիմումները մերժվել են, Սարգսյանը պատասխանեց՝ փաստեր ունե՞ն, որ դիմել են: Ըստ նրա՝ պետք է լինեն գրավոր դիմումներ այդ ամենն ապացուցելու համար. «Մեզ բարաթ է պետք, թուղթ: Հունվարի 1–ից գործող «Վեոլիա ջուրը» ի՞նչ կապ ունի այն նախագծերի հետ, որոնք իրականացրել է «Լոռիջրմուղ» կոյուղին: Այդ ընկերությունը չկա, լուծարվել է: Մենք մեղավո՞ր ենք, որ իրենց ժամանակին չեն ներառել: Այդ հին ընկերությունն այլևս չկա, հիմա մեր մեղքը ո՞րն է»:
Ըստ նրա՝ գյուղացին էլ կարող է շինարար վարձել, բայց նրանք պիտի լինեն լիցենզավորված, որովհետև նրա կառուցած ջրագիծը հետայսու շահագործելու է «Վեոլիա ջուր» ընկերությունը: Այսինքն՝ եթե նա վատ կառուցի, դրանից տուժելու է ընկերությունը:
«Մենք պարզապես միջնորդ օղակ ենք. մարդիկ մեզ դիմում են, մենք կազմում ենք տեխնիկական պայման, թե որտեղից որտեղ պիտի քաշվի ջրագիծը, որից հետո, եթե համաձայն են լինում, պատվիրում ենք շինարարական նախագիծ, իսկ շինարարի աշխատանքը վերահսկում է տեխնիկական վերահսկողություն ունեցող կազմակերպությունը: Այսպես է: Հիմա, քանի որ այդ մարդիկ ինքնագլուխ են կառուցել, մենք ուղղակի չենք կարող վերցնել շահագործման, իրավունք չունենք»,– ասաց Սարգսյանը:
Հարցին, թե այս դեպքում որն է լուծումը, պատասխանեց, որ գյուղացիները պետք է կառուցեն այնտեղից, որտեղից իրենք հաստատեն: Սակայն ինչ էլ կառուցեն, պետք է ունենա նախագիծ, կառուցողը՝ լիցենզիա, իսկ այդ աշխատանքներն էլ՝ վերահսկող: Ինքնագործունեությունն այս պարագայում արգելված է, ինչպես գազի և մյուս շինաշխատանքներում:
«Պարզապես մեր ժողովրդի հոգեբանության մեջ մտել է, որ ջուր է էլի, որ ես, ախպերներս կգանք, կքանդենք, կսարքենք: Հետո, երբ ձմեռը այդ բոլորը պայթում է վատ կառուցված լինելու պատճառով, մարդիկ բողոքում են, ասում՝ ջրմուղ արի, փրկի:
Ասում ենք ձեր ծախսն արե՛ք օրինական, դիմե՛ք մեզ: Մենք ձեզ ասենք ինչպես կառուցեք, ում միջոցով, ուզում եք՝ շինարարին դուք ընտրեք: Մենք ձեզնից փող չենք վերցնում, տալիս ենք դա շինարարին, նախագծողին կամ տեխնիկական վերահսկողությանը, մենք փող չենք ուզում: Միայն ուզում ենք կարգուկանոն լինի, որ դուք միշտ ջուր ունենաք, որպեսզի ջրի ցանցը ձմեռը չսառչի, որովհետև մենք ենք հետո գալու պատասխան տալու»,– նշեց նա:
Հարցին էլ, թե իրենք հիմա չեն կարող ստուգել արդյո՞ք այդ ջրագիծը համապատասխանում է նորմերին, թե ոչ՝ պատասխանեց, որ իրենք չեն կարող, քանի որ դա պետք է անի տեխնիկական վերահսկողություն իրականացնող մարմինը, իսկ իրենց ընկերությունում նման իրավասություններ ունեցող մասնագետներ չունեն:
Սարչապետի բնակիչ Գևորգ Բարոյանն էլ «Փաստի» հետ զրույցում հաստատեց, որ ջրագծի անցկացումը գյուղացիներն իրենք են կատարել, բայց ըստ նրա՝ ամեն ինչ արվել է ջրային տնտեսության կամ ջրմուղկոյուղու վերահսկողության ներքո: Վերջինս հստակ չէր հիշում վերահսկող կազմակերպության անունը:
Սրան Մուրադ Սարգսյանը պատասխանեց, որ իրենց ուզածը տեխնիկական վերահսկողությունը վկայող փաստաթղթերն են, որոնք, սակայն, չկան: Իսկ բանավոր խոսքերի վրա հիմնվել չեն կարող:
Քրիստինա Տեր-Մաթևոսյան



