Պատվե՞ր, թե հետաքրքրություն. «Gallup»–ի հինգ հարցումները՝ վարչապետի վարկանիշի մասին
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է
«Gallup International Association» հայաստանյան ներկայացուցչությունը նոյեմբերի 11–22–ն ընկած ժամանակահատվածում իր հերթական հարցումն է իրականացրել: Ինչպես նախորդ հարցումներում, այս անգամ հարցման մեջ ցայտուն ընդգծվում է վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշը: Հարցման արդյունքներին մենք մեր նախորդ համարներից մեկում արդեն անդրադարձել ենք: Այս անգամ նպատակը «Gallup»–ի տրամաբանությունը հասկանալն էր: Ինչպե՞ս է ստացվում, որ վերջին հարցումները միայն վարչապետի շուրջ են «պտտվում»: Ի դեպ, գաղտնիք չէ, որ սոցհարցումներն առհասարակ շատ թանկ հաճույք են:
Թեմայի շուրջ զրուցեցինք «Gallup International Association»–ի՝ Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի հետ:
– Պարո՛ն Նավասարդյան, ո՞ւմ կողմից են պատվիրվել վերջին հարցումները:
– Դա մեր պրոյեկտն է: Յուրաքանչյուր եռամսյակ և յուրաքանչյուր վեց ամիսը մեկ մենք նման ծրագիր ունենք: Իրականացնում ենք հետազոտություն տարբեր թեմաների վերաբերյալ, որի մեջ ավելացնում ենք նաև հասարակությանը հուզող որոշակի հարցեր: Մենք տասը տարվա կտրվածքով իրականացնում ենք Եվրասիական մոնիթորինգային ծրագրի մոնիթորինգային հետազոտությունը: Քանի որ աշնանը պետք է այս տարվա երկրորդ փուլն իրականացնեինք, հարցաշարի մեջ ավելացրեցինք նաև վարչապետի ռեյտինգին առնչվող հարցերը: Պատվեր չկա՝ մեր պրոյեկտն է:
– Այնուամենայնիվ, ձեր վերջին հարցումների ժամանակ հատկապես վարչապետի հանգամանքն է շեշտադրվում: Օրինակ, ինչու չկան առանձին հարցումներ, օրինակ, նախարարների կամ նախագահի վերաբերյալ:
– Նախարարների մասով եղել են: Այնպես չէ, որ չենք անդրադառնում նախարարներին: Ուղղակի չեմ կարծում, որ երեք ամսվա մեջ նախարարների հետ կապված որոշակի փոփոխություններ են եղել, դրա համար այդ հարցը չենք ներառել: Ծրագիրը մեր կողմից է իրականացվում, և չկա ֆինանսավորում, որի առկայության դեպքում մենք հնարավորինս շատ հարցեր կարող էինք ներառել: Որքան կարողանում ենք, այդքան հարցեր էլ ներառում ենք: Ինչ վերաբերում է վարչապետի ռեյտինգին, ապա սա մեր հինգերորդ հարցումն է՝ կապված նրա վարկանիշի հետ: Անցած տարվա նոյեմբերից սկսել ենք հարցումները: Ինչո՞ւ ենք արել նաև այս փուլում, որովհետև կառավարության մեկ տարին ամփոփվեց: Նպատակը հասկանալն էր՝ որոշակի փոփոխություններ կա՞ն, թե ոչ:
– Նշեցիք, որ որքանով կարողանում եք, ձեր կարողություններով իրականացնում եք հարցումները: Հետաքրքիր է, ինչպե՞ս է ընտրվում հարցման օբյեկտը: Ասացիք, որ արդեն հինգ անգամ Կ. Կարապետյանի վարկանիշի վերաբերյալ հարցում եք արել: Մարդկանց այդքա՞ն հետաքրքիր է նրա ռեյտինգը, որ ձեր կարողություններով իրականացվող հարցումները հիմնականում նրա վարկանիշի մասին են:
– Եթե հետաքրքիր չլիներ, Դուք այդ հարցը չէիք տա: Բացի այդ, միայն վարչապետի հետ կապված հարցեր չենք ներառում, շատ այլ հարցեր էլ կան մեր հարցաշարի մեջ, որոնք ներկայացվել են: Ուղղակի հասարակությունը, մասնավորապես լրագրողները զանգ են տալիս ու հարցեր հնչեցնում հենց կոնկրետ այդ հարցի շուրջ:
Հ. Գ. Նախքան Արամ Նավասարդյանի հետ խոսելը, փորձեցինք հաշվարկել Կ. Կարապետյանի վարկանիշին վերաբերող հարցումների քանակը: Ընկերության հարցումները, փաստորեն, շատ ավելին էին, քան մեր հաշվարկները: Միայն վարչապետի վարկանիշի մասով՝ հինգ հարցում: Իսկ հասարակության, և, մասնավորապես լրագրողների հետաքրքրության սահմաններն, անշուշտ, միայն վարչապետի վարկանիշով չեն սահմանափակվում:
Աննա Բադալյան



