Երբ գերեզմանաքարերի գինը Սևանի արժեքից բարձր են գնահատում
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է
Նախորդ շաբաթ «Փաստն» անդրադարձել էր Գեղարքունիքի մարզում «Ակվեստ» ՍՊԸ–ի կողմից Ջիլի դոլոմիտային մարմարի երևակումում երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու նպատակով հանրային քննարկումներ իրականացնելուն: Արդեն իսկ հոդվածում նշել էինք, որ այդ երևակման շրջանում են գտնվում Սևանի Ազգային պարկն ու Գիհի նոսրանտառների արգելավայրը:
Սակայն, պարզվում է, որ սա այս նոր հանքերևակման միակ, մեղմ ասած, թերությունները չեն: Բնապահպան Գագիկ Սուխուդյանը «Փաստի» հետ զրույցում մատնանշեց, որ նախագիծը խախտում է «Սևանա լճի մասին» օրենքի դրույթները:
Սուխուդյանը նշեց, որ նախագծում գրված է, որ «Ընդերքի մասին» օրենքը չի խախտվում, պայթյուններ չեն լինելու, բայց մոռանում են ամենակարևորը՝ «Սևանի մասին» օրենքը:
Համաձայն օրենքի՝ Սևանի ավազանում չեն թույլատրվում ոչ մի տեսակի գործողություններ՝ ո՛չ վերամշակման, ո՛չ հանքարդյունաբերական, անգամ՝ քարի: «Ակվեստ» ընկերությունն այս տարածքում ցանկանում է բիզնես նպատակով մարմար շահագործել երեսպատման սալիկների և գերեզմանաքարերի արտադրության համար:
«Սևանի ավազանը պահպանվող տարածք է, Ազգային պարկ է, և ավազանը բուֆերային՝ պաշտպանիչ գոտի, որն ուզում են խախտել և սարքել բիզնես գոտի: Եթե մենք հրաժարվում ենք Սևանի հիմնական խնդրից՝ քաղցրահամ ջրի որակը վերականգնելուց, եկե՛ք ամբողջ ավvազանը արդյունաբերական գոտի հայտարարենք և ասենք, որ մեզ ջուր պետք չէ, որովհետև բացի մարմարից այնտեղ կա ոսկի, պղինձ, ավազ, խիճ, անգամ ամբողջ Մենդելևի աղյուսակը:
Սոթքը մի կողմից, հարավայյին Շորժան ու Ամուլսարը մյուս կողմից, Ջիլն էլ արդեն նորություն էր: Մենք շատ շուտով Սևանը կկորցնենք»,– նկատեց բնապահպանը:
Ըստ նրա՝ Ջիլի և Սևանի տարբերությունը ուղղահայաց դիրքով մի քանի մետր է. Ջիլը մի քիչ բարձր է՝ գտնվում է 1916 սմ–ի վրա, Սևանը՝ 1900: Եվ եթե հանքը բացվի, անձրևների ու ձյան հոսքի հետ ցեխը, աղավաղված լանդշաֆտները, հանված մարմարները լցվելու են Սևան:
«Ասում են ռեկուլտիվացիա չկա, որովհետև բուսականություն չկա: Չի կարող երկրաբանն ասել այնտեղ բուսականություն կա, թե ոչ: Կարող է իր աչքին չի երևում: Կարմիր գրքում միջատներ, թփուտներ կան, որ սովորական աչքով նայելիս՝ չի էլ երևում»,– ընդգծեց Սուխուդյանը:
Մեր այն դիտարկմանը, թե ինչպե՞ս է, որ այս նախագիծն այս վիճակով արդեն իսկ հայտնվել է Բնապահպանության նախարարության կայքում, այսպես ասած՝ դաբրոն ստացել են, բնապահպանն այսպես արձագանքեց.«Ժամանակին դաբրո Ամուլսարն էլ էր ստացել: Փոխանակ նախարարությունը պայքարի, ակտիվիստներն են պայքարում, ովքեր որևէ պետական կարգավիճակ չունեն»:
Ըստ նրա՝ այս նախագծում առկա երկրաբանական հետազոտությունները սովետական տարիների հետազոտություններ են: Եվ բոլորին է հայտնի, որ այդ տարածքում մարմար կա, ինչպես բոլորին էր հայտնի, որ Ամուլսարում ոսկի կա: «Բայց Սևանի՞ շահերն են ավելի բարձր, թե մարմարի գերեզմանաքարերը: Ծիծաղելի է համեմատել ջուրը գերեզմանաքարի կամ երեսպատման սալիկների հետ: Ավիրող, լանդշաֆտները քայքայող, լճին սպառնացող բիզնեսը չպետք է մտնի Սևանի ավազան»,– հավելեց մեր զրուցակիցը:
Քրիստինա Տեր-Մաթևոսյան



