Երբ հաճելին ու օգտակարը համատեղվում է
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը ներկայացնում է Ուրցաձորում կազմակերպված «Մեր սեղանից՝ ձեր սեղանին» խորագրով գյուղմթերքի տոնավաճառի օրվա մանրամասները
Գյուղմթերքի տոնավաճառը, որը կազմակերպվել էր մայրաքաղաքից դուրս՝ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում, նպատակ ուներ ոչ թե գյուղացուն բերել քաղաք, այլ քաղաքացուն տանել գյուղ ու ցույց տալ գյուղի բերք ու բարիքի իսկական համն ու հոտը:
Ուրցաձորի համայնքապետարանի երկհարկանի շենքում բացված տոնավաճառին մասնակցում էին ոչ միայն ուրցաձորցիներ, այլև հարևան գյուղերից նույնպես, ովքեր իրենց ձեռքով պատրաստած գաթան, փախլավան, չրերն ու այլ ապրանքներ գեղեցիկ փաթեթավորել ու վաճառում էին:
Միջոցառմանը մասնակցում էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկին, ում ուրցաձորցիները երգ ու պարով և աղ ու հացով դիմավորեցին:
Տոնավաճառը կազմակերպվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող համայնքային զարգացման ծրագրի շրջանակներում: Այն նպատակ ունի Ուրցաձորում և հարակից մյուս գյուղերում աջակցություն ցուցաբերել գյուղացիներին, իրենց ձեռքով պատրաստած անարատ գյուղմթերքը կարողանան պատշաճ փաթեթավորելու ու տեղում վաճառելու հմտություններ ձեռք բերել:
Ծրագիրը, որն իրականացվել է «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության» հիմնադրամի շնորհիվ, նպատակ ունի նաև տեղում խթանել ինքնազբաղվածության ապահովմանը և, ինչու չէ, նաև նոր աշխատատեղեր ստեղծելուն:
Կազմակերպության տեղեկատվության պատասխանատու Արթուր Հարությունյանը «Փաստին» տեղեկացրեց, որ տոնավաճառի մասնակիցներն առաջին փուլով մասնակցել են դասընթացների, տուրիզմի, էկոտուրիզմի մասին գիտելիք են ձեռք բերել, սովորել են նաև անգլերեն: Բացի այդ, հարստացրել են նաև իրենց համակարգչային հմտությունները, որին էլ հաջորդել է բիզնես–պլանների մշակման փուլը:
«Լավագույն բիզնես–պլանները, որոնք գյուղացիները ներկայացրել են հիմնադրամին՝ «Հաց և կաց» հյուրատների, մեղվապահության և այլն, ֆինանսավորվել են, որպեսզի նրանք կարողանան իրենց սեփական բիզնեսը զարգացնել: Այս պահին մենք Շաղափ համայնքում ունենք երկու հյուրատուն, որտեղ տանտիրուհին ընդունում է զբոսաշրջիկներին, իսկ մենք օգնում ենք, որպեսզի այդ մասին տեղեկությունը տարածվի: Վեդիում արդեն գործում է «Հոլանի» ապրանքանիշի սոցիալական ձեռներեցության արտադրամասը, որտեղ Ուրցաձոր համայնքային փնջի մեջ մտնող գյուղերի շահառուներից մենք հավաքում ենք մրգեր ու խոտաբույսեր և արտադրում ենք թեյ, չորամրգեր և մեղր»,– ասաց Ա. Հարությունյանը:
Կազմակերպությունը նպատակ ունի նաև ստեղծել էկոգյուղերի ցանց, որն իր մեջ ներառում է համայնքների ոչ միայն տնտեսական զարգացումը, այլև՝ մշակութային և այլ ուղղություններ:
Արմինե Գրիգորյան



