Վահրամ Բաղդասարյանը 2018 թվականի բյուջեն համարում է իրատեսական և կայունացնող
ПОЛИТИКАԱյժմյան Կառավարությունը բավականին հեռանկարային ծրագիր է ներկայացրել. 2018 թվականի բյուջեն նպատակային է, միտված ապագային: ԱԺ-ում այսօր 2018 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Մենք կարծում ենք, որ այս բյուջեն իրատեսական և կայունացման բյուջե է: Բնականաբար, մենք պետք է հետևողական լինենք այն բոլոր դրույթների իրականացմանը, որոնք դրված են բյուջեում: Մենք ողջունում ենք այն, քանի որ այսօրվա Կառավարությունը պահի խնդիր չի լուծում: Համոզված եմ, որ եթե իրականացվեն այն նպատակները, որ Կառավարությունը դրել է, հաջորդ տարի բոլորս պետք է որ ողջույնի խոսքեր ասենք»,-նշեց Վահրամ Բաղդասարյանը:
Խմբակցության ղեկավարը նաև անդրադարձավ բյուջեի վերաբերյալ հնչող առաջարկություններին: Նրա խոսքով՝ հանրապետական նշանակության առաջարկություններից զատ պետք է նաև մեծ ուշադրություն դարձնել մարզերին և գյուղերին:
«Մեր երկրի սիրտը մարզերն են եւ գյուղերը: Ես համոզված եմ, որ միջնաժամկետ ծրագրերում մեր պատգամավորների առաջարկները դրանք ի նկատի կունենան: Առողջապահական համակարգի հետ կապված՝ կցանկանայի ուշադրություն հրավիրել ծննդօգնության հարցին. եթե մենք խոսում ենք բնական աճի մասին, պետք է նկատի ունենալ նաև ծննդօգնությունը և այդ ոլորտին հրավիրել ուշադրություն»,-եզրափակեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:



