ՍԱՊԾ-ն շարունակում է չտիրապետել իրավիճակին
ОБЩЕСТВОՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության տեսուչները շրջայցեր են կատարում խանութներ` հայտնաբերելու ադրբեջանական արտադրության կոնֆետ, «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՍԱՊԾ պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը:
Հիշեցնենք, որ այսօր «Առավոտ» թերթում հրապարակվել էր տեղեկություն, ըստ որի՝ լրագրողն իր տան հարակից խանութից գնել է կոնֆետ, որը հին ու տհաճ համ է ունեցել: Քաղցրավենիքի վրա փնտրել է արտադրողին ու խոշորացույցով վերծանել գրություն`«Շիրին» ԲԲԸ, Բ. Բունյաթովի փողոց 17ա, Բաքու, Ադրբեջան։
Նվարդ Առաքելյանն ասել է, որ իրենք այս մասին ահազանգ չեն ստացել, բայց գնացել են հրապարակման հետքերով, կապ են հաստատել լրագրողի հետ, ճշտել խանութի հասցեն, որտեղից ձեռք է բերվել նշյալ կոնֆետը:
«Տեսուչները շրջայցեր են կատարում խանութներ, ուսումնասիրություններից հետո լրացուցիչ կհայտնենք արդյունքների մասին»,-ասաց Նվարդ Առաքելյանը:
Ստացվում է, որ ՍԱՊԾ-ն շարունակում է չտիրապետել իրավիճակին և եթե չլինեն մամուլի հրապարակումները, այս կառույցը ոչինչ էլ չի իմանա:



