Հրանտ Մելիք–Շահնազարյան. «Քաղաքական, այդ թվում նաև միջազգային ճնշման մեխանիզմներ են պետք»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է
Հանդիպումից դրական և բացասական սպասելիքներ չկան
Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը հայտարարեց, որ Ադրբեջանը դրական է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի գործողությունների ակտիվացումը:
Ըստ Ն. Մամեդովի հայտարարության՝ Մոսկվան կարող է մեծ դեր խաղալ այս հակամարտության կարգավորման հարցում։
Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանի խոսքով, նշվածն ավելի շատ դիվանագիտական, քան քաղաքական հայտարարություն էր:
«Մեծ հաշվով՝ հասկանում ենք, որ փոփոխվող քաղաքական իրավիճակից ելնելով միջնորդների կողմից հնարավոր սցենարներ են առաջարկվում, և մեծ հաշվով նրանք ամեն ինչ անում են, որպեսզի բանակցային գործընթացը շարունակական լինի: Եվ այս առումով, իհարկե, հայտարարությունը զուտ դիվանագիտական է և ոչ ավելի:
Իրականում հասկանալի է, որ որևէ միջնորդ չունեն ինչ–որ լուծումներ, որոնք կարող են լիարժեք բավարարել հակամարտող կողմերից ցանկացած մեկին: Նման լուծումներ չունի նաև կողմերը: Հետևաբար, սա երկարատև և բարդ գործընթաց է, որի ընթացքում նման անդրադարձների ականատես ենք լինում, բայց իրական լուծումների՝ ոչ»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է ՌԴ դերի ավելացմանը, մեր զրուցակիցը նշեց, որ վերջին երկու տարիների ընթացքում ՌԴ դերի բարձրացումն ակնհայտ է:
«Բայց կարծում եմ, որ այդ դերի բարձրացումը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ մնացած միջնորդներից Ռուսաստանն ավելի շատ է շահագրգիռ Հարավային Կովկասում կայունության հաստատման առումով»,–ասաց քաղաքագետը՝ միաժամանակ հավելելով, որ մեծ հաշվով ռուսաստանյան ակտիվությունը բանակցային գործընթացին ոչինչ չի տալիս:
Նշենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո հայտարարեց, թե Թուրքիան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար, և այդ հարցի շուրջ Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները մշտական կապի մեջ են: Այս համատեքստում հավելենք նաև, որ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել՝ ամեն գնով ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում հայտնվելու համար:
Հարցին, թե իրատեսակա՞ն է արդյոք այն, որ Թուրքիայի ջանքերը կարող են նպատակին հասնել, Հրանտ Մելիք–Շահնազարյանը պատասխանեց.
«Վերջին 30 տարիների ընթացքում Թուրքիան անընդհատ փորձում է ներգրավված լինել այդ գործընթացներում, բայց վստահ եմ, որ դա իրենց չի հաջողվելու: Չի հաջողվի, որովհետև դրա շուրջ կա նախ հայկական կողմի բացասական վերաբերմունքը: Հայկական կողմի դիրքորոշմանը զուգահեռ՝ այդ խնդիրը լուծում են նաև ԱՄՆ–ն, Ֆրանսիան և Ռուսաստանը: Այդ երկրներից որևէ մեկը չի ուզում տեսնել Թուրքիայի դերակատարման մեծացումը տարածաշրջանում»:
Այսօր կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպումը: Քաղաքագետի խոսքով, հանդիպումից ո՛չ դրական և ո՛չ էլ բացասական սպասելիքներ չկան:
Ըստ նրա՝ պատճառն այն է, որ բազում հանդիպումներ, որոնք արդեն տեղի են ունեցել նախկինում, չեն հանգեցրել նրան, որ պաշտոնական Բաքուն փոխի իր քաղաքականությունը:
«Իրականում մենք լուծելու մի խնդիր ունենք այս պահին: Դա Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության լուծումն է, և այդ խնդիրը լուծվելու է ո՛չ արտգործնախարարների և ո՛չ էլ նախագահների մակարդակով: Քաղաքական, այդ թվում նաև միջազգային ճնշման մեխանիզմներ են պետք մշակել»,– եզրափակեց Հրանտ Մելիք–Շահնազարյանը:
Աննա Բադալյան



