Բազմակուսակցական համակարգի կայացման համար ընդդիմադիր ուժերը պետք է աշխատեն, տարածքային կառույցներ ունենան. Է. Շարմազանով
ПОЛИТИКАԲազմակուսակցական համակարգի կայացման համար հարկավոր է, որ ընդդիմադիր ուժերը աշխատեն տարածքային կառույցների ակտիվացման ուղղությամբ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի հայտարարության մասին, որ «անհրաժեշտ է արդիականացնել Հայաստանի քաղաքական համակարգը, կայացնել բազմակուսակցական համակարգ»:
Էդուարդ Շարմազանովն ասաց, որ համաձայն է Տիգրան Թորոսյանի հետ: Ըստ նրա՝ բազմակուսակցական համակարգ ունենալու համար անհրաժեշտ է, որ բոլոր քաղաքական ուժերը տարածքային կառույցներ ունենան, ակտիվ աշխատեն, մասնակցեն համայնքային ընտրություններին: Այնինչ, ըստ Էդուարդ Շարմազանովի, համայնքային վերջին ընտրություններին, բացի ՀՀԿ-ից, ՀՅԴ-ից ու «Ծառուկյան» դաշինքից, որևէ այլ կուսակցություն չմասնակցեց:
«Մեր կուսակցություններն ունեն շատ մեծ ամբիցիաներ: Եվրոպական որևէ երկրում առանց ՏԻՄ ընտրությունների մասնակցելու կուսակցությունը չի կարող լինել ամբիցիոզ: Եթե տարածքային կառույցներ չունես, եթե ՏԻՄ ընտրություններին չես մասնակցում, հետևաբար, միայն խորհրդարանում ֆրակցիա ունենալով՝ բազմակուսակցական համակարգ չես ձևավորում: Այո, մենք պետք է պայմաններ ստեղծենք, որ բազմակուսակցական համակարգը կայանա: Իսկ այն կայանում է ընտրությունների միջոցով, բայց մեր գործընկերներն ասում են՝ օլիմպիական սկզբունքով մասնակցել չենք ուզում»,- ասաց Շարմազանովը:
Ըստ նրա՝ ընդդիմադիր գործընկերները չպետք է գնան «ամեն ինչ հիմա և այսօր» սկզբունքով:
«Բոլոր կուսակցությունները Մեղրիից Նոյեմբերյան, Ախուրյանից Ստեփանավան տարածքային կառույցներ պետք է ունենան, բայց քանի՞ կուսակցություն կա, որ կառույցներ ունի»,- նկատեց ՀՀԿ խոսնակը:
Դիտարկմանը, թե ստացվում է, որ Հայաստանում միակուսակցական համակարգ է, Էդուարդ Շարմազանովը չհամաձայնեց. «Ոչ, 3 կուսակցություն կա, որ ընտրություններին է մասնակցել: ՀՀԿ-ն ի՞նչ է, պետք է նստի, այլ կուսակցությունների համար տարածքային կառույցնե՞ր ստեղծի»:
Իսկ այն դիտարկմանը, որ կարծիքներ կան, որ հենց իշխանություններն իրենց տարիների գործունեության արդյունքում ոչնչացրին ընդդիմության ինստիտուտը, խորհրդարանի փոխխոսնակը չհամաձայնեց:
«Այնքան օրենսդրական հնարավորություն, որ այս սահմանադրական փոփոխություններից հետո իշխանությունը տվել է ընդդիմությանը, Հայաստանի նորագույն պատմության մեջ չի եղել: Բայց այն ընդդիմությունը, որը կարծում է, որ այդ իրավունքները պետք է իրեն սկուտեղի վրա մատուցեն, իրենք նստեն թախտին, սպասեն բախտին, սխալ է: Դա է տանում ինքնալճացման: Ընդդիմությունը պետք է կառույցներ ստեղծի, աշխատի: Նրանք չեն մասնակցում ընտրությունների, ՏԻՄ-ն անտեսում են...»,- ասաց Շարմազանովը:
Ինչ վերաբերում է կարծիքներին, որ ընդդիմությունը կարծում է, որ այդպիսով կլեգիտիմացնի իշխանությունների հաղթանակը, ապա Շարմազանովն այսպես արձագանքեց. «Որ եկել են խորհրդարան չե՞ն լեգիտիմացրել: ՏԻՄ ընտրություններին որ մասնակցում են, լեգիտիացնում են, խորհրդարանում չե՞ն լեգիտիմացնում»:



