Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմամբ արգելափակվեց Ադրբեջանի սադրիչ քաղաքականությունը. քաղաքագետ
ПОЛИТИКАԵվրամիության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված համաձայնագիրը կարևորագույն փաստաթղթերից մեկն է անկախության տարիների ընթացքում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:Նրա խոսքով` այս համաձայնագրով Հայաստանը և Եվրամիության անդամ 28 պետություն ֆիքսում են փոխադարձ պարտավորություններ, դիրքորոշումներ, որոնք ստանում են իրավաբանական ուժ:
Քաղաքագետի կարծիքով` ԵՄ-ի և ՀՀ-ի միջև ստորագրված համաձայնագիրը իր նշանակությամբ կարևոր է Հայաստանի և Արցախի անվտանգության համար:
«Այս պայմանագրով Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ Եվրամիության անդամ 28 երկրի միասնական դիրքորոշումը ստանում է իրավաբանական ուժ: Դա նշանակում է, որ Ադրբեջանի կողմից տարվող սադրիչ և ագրեսիվ քաղաքականությունը արգելափակվեց եվրոպական դիվանագիտության կողմից: Եթե Ադրբեջանը հիպոթետիկ ցանկանա նոր պատերազմ սանձազերծել, ապա դրա քաղաքական գինը էապես մեծանալու է` նա այդ քայլից հետո հայտնվելու է միջազգային մեկուսացման մեջ»,- ընդգծեց քաղաքագետը և հավելեց, որ Հայաստանի կողմն է լինելու նաև եվրոպական հասարակական կարծիքը, ինչը չափազանց կարևոր է:
Ըստ քաղաքագետի` համաձայնագրով Հայաստանի համար նաև մեծ հնարավորություններ են բացվում էապես խորացնելու իր երկկողմ հարաբերությունները եվրոպական 28 պետությունների հետ:



