«Լիդիան Արմենիա»–ի դեմ դատական գործերն ավելանում են
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթի փոխանցմամբ փաստաբան Հարություն Բաղդասարյանը «Լիդիան Արմենիա» ընկերության դեմ հայց է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Փաստաբան լինելուց բացի Բաղդասարյանը ունի նաև հողատարածք, որը գտնվում է Վայոց ձորի մարզի Հերհեր համայնքում: Բաղդասարյանի պահանջը Ամուլսարի ծրագրի համար նոր փորձագիտական եզրակացության ներկայացումն է:
Այս գործով դեռևս մեկ դատական նիստ է տեղի ունեցել, որի ժամանակ փաստաբանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել: Բաղդասարյանն ինքնաբացարկով պահանջել է արգելանք կիրառել պատասխանողի գործողությունների նկատմամբ, որպեսզի այս պահի դրությամբ ընկերությունը որևէ աշխատանքներ չտանի: Միջնորդությունն իհարկե մերժվել է դատարանի կողմից, և փաստաբանը սրա հետևում միայն մեկ ենթատեքստ է տեսնում. իշխանության դիրքորոշում:
«Ես գտնում եմ, որ այս պարագայում դատարանի նման որոշման կայացման՝ մերժման հիմքում դրված է քաղաքական իշխանության՝ կառավարության դիրքորոշումը: Սա իմ անձնական կարծիքն է»,– նշեց նա «Փաստի» հետ զրույցում:
Երկրորդ դատական նիստն արդեն տեղի կունենա այսօր կեսօրին: Այս դատական նիստից ի՞նչ ակնկալիքներ ունի հարցին, փաստաբանը պատասխանեց, որ այն դեռ նախապատրաստական փուլում է, պետք է միջնորդություններ ներկայացնեն, փորձաքննության եզրակացության վերաբերյալ փորձագետներ են հրավիրել, նրանք ներկա են լինելու և ցուցմունք են տալու:
Դիտարկմանն էլ, թե Ամուլսարի ծրագիրը բազմիցս քննարկվել է, քննադատվել, բայց այնտեղ աշխատանքները դեռ շարունակվում են, փաստաբանը այս պարագայում ի՞նչ հույսեր է կապում այս դատական գործի հետ, Բաղդասարյանը այսպիսի պատասխան տվեց. «Ես ՀՀ քաղաքացի եմ: Որպեսզի կարողանամ հայտ ներկայացնել, պետք է կարողանամ հիմնավորել իմ՝ պատշաճ հայցվոր լինելը: Ես իմ պատշաճ հայցվոր լինելու հանգամանքը հիմնավորել եմ այսպես՝ Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղում ես ունեմ սեփականություն, և այդ սեփականությունը՝ ծառերը, հիմնականում ջրվելու են Կեչուտի ջրամբարից եկած ջրով: Իսկ Ամուլսարի գործողությունների արդյունքում Կեչուտի ջրամբարում կարող են հայտնվել ծանր մետաղներ, որ թունավոր են բույսերի համար: Հետո ես կունենամ ծիրան, ենթադրենք 1 կգ–անոց, բայց ոչ ոք դա չի գնի, կամ ով էլ որ ուտի, կարող է հիվանդանալ: Սա է իմ խնդիրն եղել: Այս պայմաններում ես՝ որպես քաղաքացի, հայտ եմ ներկայացրել ընդդեմ Ամուլսարի»,– նշեց նա:
Հավելենք, որ այս օրերին Ամուլսարի ծրագրին առնչվող ևս մեկ դատական գործ է ընթանում, խոսքը գնում է ծրագրի ազդակիր Գնդեվազ համայնքի բնակիչների հայցի մասին: Այն հիմա քննվում է վարչական դատարանում, պահանջն էլ հստակ է՝ չեղյալ համարել Ամուլսարի ծրագրին տրված թույլատրող փաստաթղթերը և, ինչպես Բաղդասարյանի դեպքում է, նշանակել նոր բնապահպանական փորձաքննություն:
Քրիստինա Տեր-Մաթևոսյան



