Հայաստանն ունի բոլոր հնարավորություններն ու իրավունքները օգտագործելու եւ ՌԴ- ին, եւ ԵՄ-ին առնչվող զարգացման ներուժը
ОБЩЕСТВОԵվրամիության հետ ստորագրված փաստաթղթերում հստակ ամրագրված է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները որեւէ կերպ չեն կարող խանգարել արդեն գոյություն ունեցող պայմանավորվածություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման համոզմունք հայտնեց «Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Ժելեզնյակը: Նա մասնակցել է Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախաձեռնությամբ Հայաստանում կազմակերպված երկկողմ կլոր սեղան-կոնսուլտացիայի հերթական փուլին, որի շրջանակում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նոյեմբերի 24-ին Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագրի ստորագրմանը, որի մասին նա քննարկում է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
«Ռուսաստանը հիմք է ընդունում առավելագույն համագործակցության սկզբունքը, եւ Հայաստանը՝ որպես ցանկացած ինքնիշխան պետություն, ունի բոլոր հնարավորություններն ու իրավունքները օգտագործելու զարգացման ներուժը եւ այն հատվածում, որը կապված է ՌԴ-ի հետ, եւ նրանում, որը կապված է ԵՄ-ի հետ», - նշեց նա։
Բրյուսելում նոյեմբերի 24-ին ստորագրվեց Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:



