Հեռուստամարկետները ոտնահարում են սպառողի իրավունքը
ОБЩЕСТВОԱրարատի մարզի բնակչուհի Ռիմա Խաչյանցը հեռուստամարկետից տեխնիկա է գնել, բայց որակից գոհ է: Կոշտուկների մաքրման սարքը նրա սրտով չէ: Ցանկալի արդյունքը չի տեսնում, գրում է «Փաստ» օրաթերթը:
«Գովազդում ցույց են տալիս` միանգամից կոշտուկները հեռացնում է, բայց օգտագործման ժամանակ այդպես չէ, չի էլ հեռացնում նորմալ: Խաբում են մեզ: Շատ ուրիշ սարքեր էլ են գովազդում, մարդ նայում, ասում է՝ իդեալական տեխնիկա է, գնա գնի, բայց այդ ամեն ինչը ստից բաներ են, որոնք ուղղակի գնորդին մոլորեցնում են»,– «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում բողոքեց կինը:
Նմանատիպ ահազանգերից տեղ ու դադար չկա «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունում: Նախագահ Բաբկեն Պիպոյանի դիտարկմամբ՝ բողոքների մի մասը առարկայական բնույթ ունեն, մյուսները՝ ոչ: Նա նշեց, որ նման բողոքների դեպքում քիչ չեն նախադեպերը, երբ հարցը դատարանի միջոցով է կարգավորվել:
Մեզ ահազանգած մեկ այլ քաղաքացի էլ դժգոհեց, որ «Տելեմարկետ»–ից գնած խաղալիքն ավելի թանկ է եղել, քան խանութներում վաճառվողը:
«Նույն ապրանքը ես խանութում երկու անգամ ավելի էժան եմ տեսել, իսկ պատվիրածն ավելի թանկ էր»,– ասաց նա:
Պիպոյանն ընդգծեց, որ մի կողմից հեռուստամարկետներից կատարվող առևտրի դեպքում հաճախ սպառողը տուժում է. նրա իրավունքները ոտնահարվում են: Մյուս կողմից՝ սպառողը ևս պետք է աչալուրջ լինի:
«Տվյալ դեպքում, ինչպես տարբեր խանութներում նույն ապրանքը կարող է տարբեր գին ունենալ, այնպես էլ՝ այս դեպքում: Նախապես գինը պետք է ճշտել: Նույն ապրանքը տարբեր երկրների արտադրության դեպքում էլ կարող է տարբեր գին ունենալ»,– մատնանշեց փորձագետը: Իսկ ինչ վերաբերում է գովազդին, այստեղ, ըստ Բաբկեն Պիպոյանի, նույնպես պետք է տարանջատում լինի: Եթե գովազդը մոլորեցնող բնույթ է կրում, այստեղ իր գործը պետք է մրցակցային մարմինը կատարի, որոշի՝ տվյալ գովազդը մոլորեցնո՞ղ է, թե ոչ:
«Եթե գովազդում ցույց է տալիս, որ կոշտուկ է մաքրում, իսկ սարքը չի մաքրում, այստեղ գովազը նշանակություն չունի, այլ՝ կոնկրետ խնդիր կա: Խնդիրը ոչ թե գովազդի բնույթի մեջ է, այլ՝ սարքն է անորակ: Եթե ապրանքը չի ապահովում պատշաճ որակ, օրենքով սահմանված կարգով ենթակա է վերադարձի կամ փոխանակման: Եթե չեն անում ո՛չ փոխանակում, ո՛չ վերադարձ, արդեն ոտնահարում են սպառողի իրավունքը»,– նշեց նա:
Ըստ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահի՝ ցանկացած բողոքի գնահատական տալուց առաջ այն պետք է ուսումնասիրել: Ովքեր բախվում են նման խնդրի, Պիպոյանը հորդորում է, դիմել իր կազմակերպությանը:
Մանյա Պողոսյան



