«Հետ գցած գումարների արդյունքը»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է. Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գևորգյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Գևորգյանի կողմից լրացված հայտարարագիրը բավական սեղմ տվյալներ է պարունակում իր ունեցվածքի մասին, և եթե դրանում չլիներ մեկ տվյալ, գուցե այն բոլորովին հետաքրքիր չլիներ հանրությանը: Խոսքը գնում է բազմաբնակարան բնակելի շենքի մասին: Իհարկե դա իր միակ անշարժ գույքը չէ, նա հայտարարագրել է նաև մեկ հողամաս: Բայց, ըստ էության, ավելի հետաքրքիր է առաջին տվյալը. մարզպետարանի աշխատակազմի ղեկավար ու բազմաբնակարան շենք:
Գևորգյանը երկար տարիներ՝ 2002 թ.–ից սկսած այս պաշտոնն է զբաղեցնում: Ըստ պաշտոնական կենսագրության՝ որևէ այլ տեղ չի աշխատել այդ տարիներին, եկամտի այլ աղբյուր չունի: Մարզպետարանի աշխատակազմում աշխատելը չենք կարծում այնպիսի եկամտաբեր աշխատանք լինի, որ կարելի լիներ գումար «հետ գցել» ու միանգամից շենք գնել:
Հավելենք, որ նա վերանշանակվելու պահին ունեցել է 10 միլիոն դրամ, իսկ եկամուտներ իր հայտարարագրում նշված չեն:
Քրիստինա Տեր–Մաթևոսյան



