Ադրբեջանցի կապիտանի դին դեռ Հայաստանում է
ПОЛИТИКАՀայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 23–ի առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավ–արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ: Զինծառայողը Ադրբեջանի զինված ուժերի կապիտան է, վաշտի հրամանատար, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել էր փախուստի, գրում է «Փաստ» օրաթերթը:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից փորձեցինք ճշտել՝ զինծառայողի դին վերադարձվե՞լ է ադրբեջանական կողմին, թե ոչ: Ի պատասխան, Արծրուն Հովհաննիսյանը «Փաստ»–ի հետ զրույցում հայտնեց, որ դին դեռ չի վերադարձվել:
«Աշխատանքներ են տարվում: Մենք պատրաստ ենք հանձնել»,–ասաց ՊՆ խոսնակը:
Նշենք, որ նույն օրը հրապարակվել էր մի տեղեկատվություն, ըստ որի՝ օրեր առաջ Նախիջևանի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից մեկում տեղի է ունեցել մասսայական սպանություն: Ադրբեջանական բանակի սպաներից մեկը կոտորել էր դիրքի ողջ անձնակազմին և դիմել փախուստի: ՊՆ խոսնակից հետաքրքրվեցինք՝ խոսքը նույն միջադեպի մասի՞ն է.
«Նույն դեպքն է, բայց այլ մանրամասներ այս պահին դեռ չկան»:



