Վանաձորի քաղաքապետարանը սպառնում է «աղբի փողը» ուշացնողներին, իսկ աղբն անձեռնամխելի է
ОБЩЕСТВОՎանաձորի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որով վանաձորցիներին նախ հիշեցնում է, որ համայնքի բնակիչները պարտավոր են ժամանակին վճարել աղբահանության վարձավճարները, այնուհետ նախազգուշացնում է՝ սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է տույժ` ժամանակին չվճարված աղբահանության վճարի գումարի 0.15%-ի չափով:
Այն, որ քաղաքապետարանը հետամուտ է սեփական եկամուտների հավաքագրման գործին, գովելի է, սակայն, մեղմ ասած, տարօրինակ է, որ քաղաքապետարանը բնակիչներից պահանջում է ժամանակին կատարել աղբահանության վճարները, փոխարենը մոռանալով, որ արժեր մեկ-մեկ էլ ուշադրության կենտրոնում պահել սահմանված ժամկետներին աղբահանության իրականացմանը: Նախորդ տարիների հետ համեմատած, աղբահանության ոլորտում դրական փոփոխություններ, թեեւ կան, սակայն աղբահանության խնդիրը Վանաձորում շարունակում է օրակարգային մնալ:
Ու քանի դեռ աղբահանության որակը չի հասել բավարարի, քաղաքապետարանի կողմից բնակչության հետ նախազգուշացումների ու տույժ տուգանքների լեզվով խոսելը, մի տեսակ տեղին չէ:
Լավ կլիներ, որ քաղաքապետարանը տուգանային սանկցիաներ կիրառելուց առաջ վերահսկողությունը ուժեղացներ քաղաքում աղբահանության որակի նկատմամբ ու հետո նոր բնակչության հետ խոսեր նախազգուշացումների լեզվով:



