25 տարի է՝ ջուր չունեն
ОБЩЕСТВОԱրմավիրի մարզի Տարոնիկ համայնքը խմելու ջուր չունի շուրջ 25 տարի՝ սկսած 1992 թվականից:
Կենցաղում օգտագործելու և խմելու համար գյուղացիները ստիպված կամ մոտակա համայնքներից են բերում, կամ էլ օգտվում են խորքային հորերի ջրերից, որոնք ո՛չ քլորացվում և ո՛չ էլ համապատասխան ստուգման են ենթարկվում: Արտեզյան ջրերը թեև խմելու համար լավագույն տարբերակը չեն, սակայն, գյուղացիներն այլընտրանք չունեն:
«Կիլոմետրերով ջուր ենք բերում, Արշալույսից կամ մյուս գյուղերից շշերով ջուր ենք տուն հասցնում, բա գյուղացին արժանի՞ է դրան»,– «Փաստ» ի թղթակցի հետ զրույցում հարց բարձրացրեցին Տարոնիկի բնակիչները
Խորքային հորերից ամենամոտը գտնվում է Տարոնիկից դեպի Մեծամոր թանգարան տանող ճանապարհին: Գյուղի բնակիչների 80%–ն այս հեռավորությունն ամեն օր ստիպված է ոտքով հաղթահարել: Խորքային այս հորը գտնվում է 3 կմ հեռավորության վրա:
Տարոնիկցիների խոսքով` գյուղամիջյան աղբյուրի ջուրը, թեև ավելի մոտ է, սակայն այստեղ որակի խնդիր կա. խմելու համար ոչ պիտանի է ու նստվածք է տալիս:
«Երբ այդ ջրով լողանում ենք, մեր մազերը կոշտանում են, ու մենք այդ ջուրը խմում ենք: Ինչ անենք, այլ ելք չունենք, բայց որ կարող է մի օր այդ ջրից լուրջ առողջական խնդիրներ առաջանան, դա հաստատ»,– պատմեցին տարոնիկցիները:
Հիմնականում կանայք ու երեխաներն են ջուրը կրում:
«Մեքենան այստեղ անհրաժեշտություն է: Ով փոխադրամիջոց չունի, նա շատ դժվարությամբ է ջուր բերում: Ով մեքենա ունի, խնդրում ենք, որ մի երկու դույլ ջուր էլ մեզ համար բերեն»,– ներկայացրեցին տեղացիները:
Նրանց խոսքով՝ արդեն քսան երկար ու ձիգ տարիներ է՝ խնդիրն անուշադրության է մատնված թե՛ տեղական, թե՛ մարզային իշխանությունների կողմից:
Այստեղ նաև գյուղատնտեսությունն է տուժում ոռոգման ջրի պատճառով:
«Օրերով ջուր չեն տվել այս տարի: Լավագույն դեպքում երկու–երեք ժամ ենք ջուր ունեցել»,– դժգոհեցին նրանք:
Համայնքի օրակարգային հարցի մասին քաջատեղյակ են հանրապետության բոլոր պատկան մարմինները: Բայց լուծում այդպես էլ չի գտնվում: Տարոնիկցիների խոսքով՝ ջրագիծ անցկացնելու համար ֆինանսական լուրջ ներդրումներ են անհրաժեշտ:
Այսքանով այստեղ չկաների շարքը չի վերջանում: Այստեղ չկա մանկապարտեզ, չի գործում մշակույթի տունը, իսկ համայնքային ճանապարհներն էլ անմխիթար վիճակում են:



