Բիզնեսմեններն այսուհետ կարող են սեփական ուժերով պայքարել «կպչուն» չինովնիկների դեմ
ОБЩЕСТВОPast.am-ը տեղեկացնում է.«Բիզ Պաշտպան» (bizprotect.am) էլեկտրոնային հարթակը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ օրերս, նպատակ ունի բարեփոխել գործարար միջավայրը, պայքարել կոռուպցիոն ռիսկերի և տնտեսական հանցագործությունների դեմ: Կայքը ստեղծվել է «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Եվրոպական բիզնես ասոցիացիայի կողմից։
Հարթակը նպատակ ունի նաև զարգացնել ազդարարի ինստիտուտը և անանուն բողոքները դարձնել քննարկման առարկա: Այսինքն, ցանկացած անձ հարթակում որևէ բողոք ներկայացնելուց առաջ կարող է հավելվածի օգնությամբ փակել իր համակարգչի IP հասցեն և կոդավորել խնդրի մասին ազդարարողի բոլոր տվյալները: Նոր կյանքի կոչված ծրագրի շրջանակներում բիզնես դաշտի ներկայացուցիչները կարող են ոչ միայն ծանոթանալ եղած օրենքներին, այլև պայքարել անարդարությունների դեմ:
Ծրագիրն իրականացվելու է ԵՄ աջակցության ծրագրի շրջանակներում: Ծրագրի կազմակերպիչները կարևորում են նաև բիզնես–համայնքի ակտիվությունը, որպեսզի հնարավոր լինի նախ առկա խնդիրների մասին տեղեկանալ, հետո դրանք քննարկել պատկան կառույցների ներկայացուցիչների հետ և կարճ ժամանակահատվածում գտնել դրանց լուծման ուղիները:
Բիզնեսի ներկայացուցիչների համախմբվածությունը կարևորելով՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Էվա Մարիա Նահերը իր խոսքում նշել է, որ կայքը լավ հարթակ կարող է լինել բոլոր շահագրգիռ սուբյեկտներին միավորելու համար։
bizprotect.am–ը նաև հնարավորություն է տալիս պետական մարմիններին իրենց գործունեության արդյունքների վերաբերյալ ազդակներ ստանալ բիզնեսի ներկայացուցիչներից: Այդ ազդակները կարևոր են նրանց աշխատանքը բարելավելու համար, համոզված է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:
Նրա կարծիքով՝ դեռևս նախորդ տարի քաղհասարակության կազմակերպությունների և կառավարության համատեղ աշխատանքների արդյունքում հակակոռուպցիոն լուրջ բարեփոխումների շրջանակում ներդրվեց նաև ազդարարների ինստիտուտը, իսկ այս հարթակը կօգնի առավել հեշտացնել աշխատանքը։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանի կարծիքով bizprotect.am–ը լավ գործիք է, բայց այն ընդամենը գործիք է կամ միջոց, բայց դրա աշխատանքն առավել արդյունավետ կլինի, եթե բիզնեսի ներկայացուցիչները ակտիվորեն օգտվեն ստեղծված հարթակից։
Ավելացնենք, նաև, որ «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում և հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ–ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ–ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:
Անշուշտ հարթակը կարող է օգտակար լինել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են նախաձեռություն ստանձնել երկրում առկա խնդիրներն արմատախիլ անելու համար: Սրանով բիզնեսմենը կկարողանա ոչ միայն հրապարակներում կամ սրճարաններում հավաքվել ու այս կամ այն պետական պաշտոնյայից բողոքել, այլ իր ներդրումն ունենալ բիզնես–միջավայրը վարչարարությունից ու չինովնիկների անհարկի այցելություններից ձերբազատելու համար:
Արմինե Գրիգորյան



