Առողջ մարմնում՝ առողջ հոգի, կամ բակային սպորտն ենք զարգացնում
ОБЩЕСТВОՇրջանառության է դրվել ՀՀ բակային սպորտի զարգացման 2018–2022 թթ. ծրագիրը, որը նախանշում է բակային սպորտի համակարգի կատարելագործումն ու զարգացման հիմնական ուղղությունները: Նախագծի նպատակներից են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգում բակային սպորտով զբաղվելու մշակույթի վերականգնումը, ժամանակակից պահանջներին համապատասխան, հանրապետության տարածաշրջաններում խաղահրապարակների, մարզական բակերի, ակտիվ հանգստի այլ օբյեկտների ստեղծումը:
Ըստ վիճակագրության՝ ներկայում Հայաստանը կանոնավոր ֆիզիկական գործունեության առումով հետ է մնում զարգացող երկրներից, որտեղ ֆիզիկական կուլտուրայով զբաղվում է բնակչության ավելի քան 40–50%–ը: Հայաստանում (ըստ 2016 թ. հրապարակված տվյալների) այս թիվը չի անցնում 7%–ը՝ 175մարզական կազմակերպություններում մարզվել է 40 հազար 300 մարզիկ:
Ըստ նախագծի՝ ծրագրի մշակման հիմնական նպատակն է հոգեպես և ֆիզիկապես զարգացած քաղաքացու դաստիարակումը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգում բակային սպորտով զբաղվելու մշակույթի վերականգնումը, բնակչության տարբեր տարիքային խմբերի առօրյայում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի արմատավորման համալիր ծրագրերի իրագործումը, ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու, առողջ կենսակերպի գաղափարի արմատավորմանը, սոցիալական հավասարության խթանմանը, մարմնակրթական գործունեության զարգացմանն ու իրագործմանը նպաստելը:
Ծրագրի ֆինանսավորման աղբյուրներ կարող են լինել պետական և համայնքների բյուջեները, մասնավոր հատվածի ներդրումները և նպատակային նվիրատվությունները, օրենքով չարգելված այլ աղբյուրներ:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող մարտի 15–ը կառավարությանը պիտի ներկայացնի բակային սպորտի զարգացման 2018–2022 թթ. ծրագրի իրականացման միջոցառումների կատարման ընթացքի մասին տեղեկություններ: Միաժամանակ առաջարկի Հայաստանի համայնքների ղեկավարներին աջակցություն ցուցաբերել բակային սպորտի զարգացման ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկով նախատեսված աշխատանքներին:
Ըստ հեղինակների՝ Հայաստանի բնակչության առողջությունը մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունի և ֆիզիկական թերակտիվության պատճառով պետությանն ու հասարակությանը սպառնացող վտանգների սահմանումը, գնահատումը, դրանց կանխարգելումն ու չեզոքացումը պետության առաջնային խնդիրներից են:
Հանրապետությունում ունենք բազմաթիվ գործող մարզական բակեր, որոնց մի մասը, սակայն, այսօր արդեն գտնվում է միջին կամ վատ վիճակում: Մինի ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, ձեռքի գնդակի խաղահրապարակների 72,2%–ը գտնվում է միջին, իսկ 17,3%–ը՝ վատ վիճակում: Արհեստական ծածկով մինի ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, ձեռքի գնդակի խաղահրապարակների ավելի քան 50%–ը գտնվում են միջին, իսկ 8,4%–ը՝ վատ վիճակում: Հայաստանում ունենք 5 ատլետիկայի մանեժներ, որոնցից 3–ը լավ վիճակում են, իսկ 2–ը՝ միջին: Մարզասարքերով կահավորված պարզ տիպի 498 խաղահրապարակների գրեթե կեսը՝ 248–ը, միջին վիճակում են, 97–ն էլ՝ վատ: Վատ վիճակում են գտնվում նաև մանկական խաղահրապարակների 19,2%–ը կամ թվով 176–ը, բավարար կարելի է համարել 537–ի կամ 58,7%–ի վիճակը:



