ՀՀ ներքին իրավունքի զարգացումը վատ ընթացքով կդանդաղի
ОБЩЕСТВОԴատական օրենսգրքի նոր նախագծով վերացվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների պարտադիր լինելու դրույթը: Փաստաբան Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ ՄԻԵԴ վճիռների վերաբերյալ խմբագրությունը դյուրինացվել է:
«Նոր օրենսգրքում նշվում է, որ դատական վեճի ժամանակ կողմն ընդամենը կարող է վկայակոչել օրինական ուժի մեջ մտած մեկ այլ դատական ակտ: Իմ կարծիքով՝ սա հետընթաց է: Փաստորեն, ՄԻԵԴ վճիռների դրույթը, որը պարտադիր է գործող Դատական օրենսգրքի խմբագրությամբ, հանվում է»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Տ. Աթանեսյանը:
Թեև հետընթաց է, բայց «սարսափելի» չէ: Փաստաբանը այսպես է որակում փոփոխությունը ու բերում եվրոպական երկրների օրինակը. «Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մեծ մասը հենց այդպես էլ անում է, և ՄԻԵԴ վճիռները չեն ներառում իրենց օրենսդրության մեջ: Այն պահում են միջազգային պայմանագրի վիճակով: Ի տարբերություն այդ երկրների, մենք այդ առումով միասնականացման էինք գնացել, ինչը փաստացի նոր օրենսգրքով էլ չի լինի»:
Փաստաբանը շեշտեց, որ ամեն դեպքում ՄԻԵԴ վճիռները պարտավոր ենք կատարել միջազգային պայմանագրերով. «Բայց վերոնշյալ դրույթի առկայությունը ավելի շատ կնպաստեր մեր ներքին իրավունքի զարգացմանը: Դատարանները պարզապես պարտավոր էին մեկնաբանություններում ուղղակի կիրառել ՄԻԵԴ վճիռները: Այս առումով գործող օրենսդրությունն ավելի բարձր մակարդակի վրա էր դրված, ավելի խիստ էր պահանջը: Փոփոխությունն ինչ–որ անմիջական հետևանքի չի հանգեցնի: Ուղղակի մեր նախադեպային իրավունքի զարգացումը և դրա համապատասխանեցումը Եվրոպական դատարանի իրավունքին վատ ընթացքով կդանդաղի»:
Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ նույնիսկ եվրոպական երկրներն էին գտնում, որ ներկայիս մոտեցմամբ Հայաստանում առաջընթաց կա:
Իսկ Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցն այժմյան օրենսգրքում առկա առաջընթացը զուտ տեխնիկական է համարում. «Մեր իրականությունն այլ է: Մեր օրենքներն այդքան էլ վատը չեն, եթե, իհարկե, իրականում գործեն: Ամբողջ խնդիրն այն է, որ չեն գործում: Ամեն դեպքում նշված դրույթը ևս պետք է մեր իրականության հետ համեմատենք: Մեր դատարաններն առհասարակ չեն ուզում տեսնել արդեն իսկ եղած նախադեպային որոշումները: Իսկ օրենքի թե՛ դրական, թե՛ բացասական փոփոխությունը իրականության մեջ ոչինչ չի փոխելու»:
Նինա Կարապետյանցի խոսքով՝ այս պահին նախադեպ է միայն օրինական ուժի մեջ մտած Վճռաբեկ դատարանի վճիռը:
«Բայց անգամ Վճռաբեկ դատարանի որոշումներն ուշադրության չեն արժանանում: Այս պարագայում այլ դատական ակտ որքանո՞վ ընդունելի կլինի: Իսկ ՄԻԵԴ–ի վճիռները չեն էլ կարդում: Մինչև իրենց որոշումների համար դատավորները որևէ պատասխանատվության չենթարկվեն, երկրում ոչինչ չի փոխվի: Այսօր դատավորները որոշումներ են կայացնում՝ իմանալով, որ իրենք առհասարակ որևէ խնդիր չեն ունենալու: Մենք բախվում ենք մի իրավիճակի, երբ հարկատուներս դատավորին վճարում ենք ապօրինի որոշում կայացնելու համար: Դատավորի ապօրինի որոշման համար քաղաքացին երկրորդ անգամ է վճարում, ինչը նորմալ չէ»,– ասաց Ն. Կարապետյանցը՝ նկատի ունենալով այն գումարները, որոնք ՄԻԵԴ–ը Հայաստանին տարբեր վճիռներով պարտավորեցրել է վճարել:



