Վանաձորի քաղաքապետը ֆեյսբուքյան կոչով ավագանու նիստը բոյկոտող անդամներին հրավիրում է նիստի
ОБЩЕСТВОՎանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում ուղերձ է հղել համայնքի ավագանու խմբակցություններին.
«Վանաձոր համայնքի ավագանու ԼՀԿ, ՀՎԿ և ԲՀԿ խմբակցությունների հարգելի անդամներ, Վանաձոր քաղաքի առջև ծառացած խնդիները համատեղ հաղթահարելու, քաղաքի զարգացման բնականոն ընթացքն ապահովելու, մասնակցային կառավարում իրականացնելու և ի շահ Վանաձորի՝ կրկին անգամ առաջարկում և հորդորում եմ մասնակցել ավագանու նիստերին և մաս կազմել քաղաքի կառավարմանը... Վանաձորն առավել՝ քան հիմա, կարիք ունի սրտացավության և իրական հոգատարության...»,-նշված է Ասլանյանի գրառման մեջ:
Հատկանշական է, որ Ասլանյանը մինչ օրս նմանատիպ գրառում-կոչով հանդես չէր եկել: Այս ամենը թերեւս կապված է Սահմանադրական դատարանի՝ Վանաձորի ավագանու մինչ օրս կայացած նիստերն անիրավազոր ճանաչելու հետ, ինչից հետո Վանաձորում իսկական իրարանցում է սկսվել: Խնդիրն այն է, որ ՍԴ որոշմամբ, Վանաձորի ավագանու նիստերը ոչ իրավազոր են եղել, քանի որ դրանք հրավիրվել են փոքրամասնության՝ ՀՀԿ եւ ՀՅԴ ներկայացուցիչների՝ 15 հոգու կողմից: Ավագանու մյուս 17 անդամները՝ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչները բոյկոտել էին նիստերը: Ու հիմա, որպեսզի իրավազոր համարվի նոյեմբերի 23-ին հրավիրված նիստը, անհրաժեշտ է, որ այնտեղ ներկա գտնվեն ավագանու՝ նվազագույնը եւս 2 այլ անդամներ:
Մեզ հասած հավաստի տեղեկություններով, չի բացառվում, որ գալիք նիստին Վանաձորի ավագանու որոշ ներկայացուցիչներ, ովքեր նախկինում բոյկոտում էին ավագանու նիստերը, մասնակցեն նոյեմբերի 23-ի նիստին: «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններից մեզ հայտնել են, որ իրենք շարունակելու են բոյկոտել նիստերը, իսկ ահա «Հայկական վերածնունդ» խմբակցության թե ավագանու անդամները ու թե կուսակցության մամուլի խոսնակը մեղմ ասած խուսափում են հստակ պատասխաններ տալուց:



