Սահմանադրական փոփոխությունների տնտեսական բլոկը համահունչ է մարտահրավերներին. Թաթուլ Մանասերյան
ПОЛИТИКАՍահմանադրական փոփոխությունները բավական մեծ հնարավորություններ են ընձեռելու Հայաստանի տնտեսական առաջընթացի համար: Լրագրողների հետ հոկտեմբերի 28-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
«Սահմանադրական փոփոխությունների առաջին գլխի 10-րդ հոդվածում (Հայաստանի Հանրապետության տնտեսական հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է: Այն հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության և ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը) ներառված ձևակերպումների վրա ես անձամբ աշխատել եմ Հայաստանի անկախության հռչակումից ի վեր»,-շեշտեց նա:
Նա հավելեց, որ վերը նշված հոդվածով վերջնականապես օրենքով ամրագրվում է այն փաստը, որ առանց պետության միջամտության այլևս հնարավոր չէ կառուցել երկրի տնտեսությունը: «Եթե ինչ-որ մեկը մինչև 2008 թվականը դեռևս տառապում էր այն մտայնությամբ, որ առանց պետական որևէ միջամտության հնարավոր է ունենալ հզոր տնտեսություն, ապա վերջին տարիներին այդ գաղափարն ուղղակի կորցրեց իր իմաստը. վերը նշված հոդվածի ներառմամբ` այդ փաստն ընդունեց նաև մեր պետությունը: Բացի այդ ես համոզված եմ, որ եթե սահմանադրական փոփոխությունների ընդհանուր դրույթների հետ վերափո խվեն նաև դրանցից բխող ենթաօրենսդրական ակտերը, այսինքն` տնտեսական անվտանգության տեսանկյունից բացառվեն օրենքների տարընթերցումները, ապա խորհրդարանական հանրապետությունը կարող ենք կայացած համարել»,-պարզաբանեց Մանասերյանը:
Դեկտեմբերի 6-ին Հայաստանում կանցկացվի սահամանդրական փոփոխությունների հանրաքվե: Սահմանադրական փոփոխություններով առաջարկվում է կառավարման խորհրդարանական մոդելը:



