«Տարկետում լինելուԱ»
ОБЩЕСТВО«Տարկետում լինելուԱ» նախաձեռնության անդամները, տեսնելով, որ միայն դասադուլը, երթերն ու պաշտոնյաների հետ հանդիպումներն, ըստ էության, անարդյունավետ են, անցել են ծայրահեղ միջոցների, այն է՝ դասադուլի վեցերորդ օրն անժամկետ հացադուլ են հայտարարել: Նպատակն, ըստ տղաների, անտարբերությունը կոտրելու համար է: Վերջինները նաև հայտարարել են` դադարեցնել հացադուլը միայն օրենքի կասեցման դեպքում:
Նախաձեռնության համակարգող Դավիթ Գալստյանն իր չորս ընկերների հետ փակվել է Երևանի պետհամալսարանի լսարաններից մեկում և հայտարարել հացադուլի մասին: «Փաստ»–ին հաջողվեց պարզել, որ տղաները ԵՊՀ ֆիզմաթ ֆակուլտետի մասնաշենքում են, 330 լսարանում: Նրանք կողպել են լսարանի դուռը և չեն պատրաստվում բացել, իսկ համալսարանի ղեկավարության հետ հաղորդակցվում են դռան հետևից: Նրանք ժամանակ առ ժամանակ Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով մտնում են ուղիղ եթեր՝ կապ հաստատելու իրենց համախոհների հետ:
Ֆիզմաթ ֆակուլտետի մասնաշենքի երրորդ հարկում՝ այնտեղ, որտեղ գտնվում է տղաների լսարանը, մուտքը փակված է երկու սեղաններով և համալսարանի անվտանգության երկու աշխատակից կա, ովքեր, այսպես ասած, հսկում են, որ այն կողմ մարդ չանցնի՝ ուղղորդելով շրջանցել միջանցքը: Նշենք, որ այս մարդիկ դասախոսների հետ խոսակցության ժամանակ նշեցին, որ արդեն հոգնել են «պահակությունից» և դժգոհում էին՝ թե դեռ որքան այդպես պիտի սպասեն:
Մինչ տղաները վերևում հացադուլի մեջ էին, ԵՊՀ մասնաշենքերից մեկի դիմաց հավաքվել էին դասադուլի մյուս մասնակիցները՝ պաստառներով ու տարկետում լինելու է կոչերով: Խոսակցություններ կան, որ նրանք ցանկանում են ամբողջ օրն այդտեղ նստած մնալ, նույնիսկ մինչև գիշեր: Սակայն որոշ ժամանակ նստելուց հետո որոշեցին երթով շարժվել դեպի Ազգային ժողով, որտեղ երեկ երկրորդ ընթերցմամբ քննարկվում էր տարկետումը սահմանափակելու նախագիծը:



