Կառավարությունը ևս 3 տարի սոցիալական աջակցություն կտրամադրի սահմանամերձ համայնքների բնակիչներին
ОБЩЕСТВОԿառավարությունը խորհրդարանին առաջարկում է ևս երեք տարով երկարաձգել սահմանամերձ համայնքներին տրամադրվող սոցիալական աջակցությունը: Ազգային ժողովը քննարկում է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հիշեցրեց, որ 2015 թ. խորհրդարանն ընդունել է «Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին» օրենք՝ եռամյա ժամկետով:
Փոխնախարարը հստակեցրեց, որ սահմանամերձ այն բնակավայրերը, որոնք վերջին 5 տարիների ընթացքում հրետակոծվել, գնդակոծվել են, ստանում են որոշակի սոցիալական օժանդակություն, մասնավորապես՝ հաշվարկային տարում գումարային մինչև 360 խորանարդ մետր ծախսած բնական գազի սակագնի 50%–ի չափով, հաշվարկային տարում գումարային մինչև 1440 կիլովատ ծախսած էլեկտրաէներգիայի սակագնի 50%–ի չափով և բնական գազի սպառող չհանդիսացող, սակայն էլեկտրաէներգիայի սպառող համարվող բնակիչների համար տարեկան մինչև 180 խորանարդ մետր բնական գազի գնին համապատասխան էլեկտրաէներգիայի վարձի փոխհատուցում:



