Դպրոցի տնօրենը հավաստիացնում է՝ ընտանեկան բռնության թեմայով շարադրություն չի հանձնարարվել
ОБЩЕСТВОՎերջերս տեղեկություն էր տարածվել ու ահազանգ հնչեցվել, որ Երեւանի Միսաք Մանուշյանի անվան համար 48 դպրոցում երեխաներին հանձնարարվել է գրել շարադրություն՝ ընտանեկան բռնության թեմայով:
Դպրոցի տնօրեն Ժասմենա Արիստակեսյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ տարածված լուրն իրականությանը չի համապատասխանում եւ ընտանեկան բռնության թեման դպրոցում ընդհանրապես չի արծարծվել:
Ընդամենը, ըստ նրա, 8-9-րդ դասարանի այն աշակերտներին, որոնք ցանկություն են հայտնել մասնակցել համապատասխան ծրագրին, առաջարկվել է գրել, թե ինչ է բռնությունը իրենց պատկերացմամբ:
Ծրագիրն իրականացվել է բռնության միջազգային օրվան՝ նոյեմբերի 19-ին ընդառաջ:
«Դպրոցի, քաղաքապետարանի եւ «Վորլդ վիժն» հասարակական կազմակերպության միջեւ ստորագրվել է եռակողմ հուշագիր: Այդ հուշագրի համաձայն՝ «Վորլդ վիժնը» կարող է տարբեր միջոցառումներով հանդես գալ դպրոցում, իհարկե՝ դասաժամերից հետո: Այս ծրագիրն էլ դրանցից մեկն էր: Եկել էր «Վորլդ վիժն» կազմակերպության մասնագետը, ես նաեւ կցել եմ մեր հոգեբանին, որ ինքն էլ շատ նուրբ ձեւով կարողանա երեխաների հետ զրույցը անցկացնել: Նրանց հետ «Կյանքը՝ առանց բռնության» թեմայով զրույց է անցկացվել: Սեմինար: Մասնագետը երեխաներին առաջարկել է հենց այդ պահին գրավոր արտահայտել իրենց պատկերացումները բռնության մասին»,- ասաց համար 48 դպրոցի տնօրենը:
Հարցին, թե արդյունքում ի՞նչ պատկեր է ի հայտ եկել, Ժասմենա Արիստակեսյանը պատասխանեց. «Երեխաները պատերազմական վիճակն էին ներկայացրել, այսինքն՝ օտար ազգը, մեր հարեւան ազգը մեր ազգի նկատմամբ բռնություն է գործադրում: Բոլորը, հավատացնում եմ ձեզ, պատերազմն էին նկատի ունեցել: Իհարկե, նաեւ երեխաներ կային՝ գրել էին, որ դասընկերը դասընկերոջ նկատմամաբ պետք է բռնություն չգործադրի, մեկը մեկին չխփի, չծեծի: Ընտանեկան բռնության մասին ընդհանրապես խոսք չի եղել: Դրանում համոզվելու համար դուք անգամ երեխաների հետ կարող եք զրուցել»:
«Թե «Կյանքն առանց բռնության թեման» ինչու վերափոխվեց «Ընտանեկան բռնության», չգիտեմ, գուցե ինչ-որ մարդիկ լսել են, դուրները չի եկել, որ դպրոցում նման դաստիրակչական աշխատանք է կատարվում: Ես հիացա, որ երեխաները մտածում են՝ պետք է մեկը մյուսի նկատմամբ բռնութուն չգործադրի»,- եզրափակեց դպրոցի տնօրենը:



