Նստացույց անողների մի մասը տուն է վերադարձել, ցույցը կշարունակեն վաղը` ԱԺ-ի մոտ
ОБЩЕСТВО«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի անդամ Վահան Կոստանյանը, Armtimes-ի հետ զրույցում, անդրադառնալով Դավիթ Պետրոսյանի այն հայտարարությանը, թե իրենք պետք է դադարեցնեն նստացույցը, որպեսզի կարողանան խնայել ուժերը`վաղվա ցույցին մասնակցելու համար, նշեց, որ քննարկելու են Դավիթի այս առաջարկը ու դրա հետ կապված դեռ վերջնական որոշման չեն եկել:
Միաժամանակ նաեւ տեղեկացրեց, որ վաղը` ժամը 9:30-ից, ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտից շարժվելու են դեպի Ազգային ժողով:
Մեր դիտարկմանը, որ այսօր օրենքի նախագծի երկրորդ քննարկումն է տեղի ունեցել ու դեռ շարունակվում են խորհրդարանական զարգացումները, Վահան Կոստանյանը նշեց, որ իրենք եւս շարունակում են պայքարը` առայժմ այս մեթոդներով, իսկ թե հետո ինչ մեթոդներ կընտրվեն, պարզ կլինի հետագա քննարկումների արդյունքում:
Նշենք, որ դրսում նստացույց անող երիտասարդները ներսում հացադուլ հայատարարած իրենց ընկերներին պարբերաբար փոխանցում են անհրաժեշտ իրեր`ջուր, երկարացման հաղորդալարարեր,տաք ծածկոցներ եւ այլն:

Քննարկումների արդյունքում, երիտասարդները հայտնեցին, որ իրենց մի մասը գնում է տուն` առավոտյան ԱԺ-ի մոտ սպասվող ցույցին միանալու պայմանով, մյուսները`շարունակում են նստացույցը:

Ի դեպ, քիչ առաջ նախաձեռնության անդամներից Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես էր եկել նոր հայտարարությամբ., որը ներկայացնում ենք ստորեւ.
«Ժամը 22:00-ից կանցնենք հերթապահության:
Մեր որոշած կարգով արթուն կլինի մեկ կապավոր և մեկ օրապահ:
Կարևորը նախաձեռնությունն է, մեզ մոտ ամեն ինչ կարգին է:Կխնդրենք թե՛մեր ընկերներին, թե՛համալսարանի արթուն անդամներին, պարոն Առուստամյանին գնալ տուն հանգստանալ»:



