Թոշակառուն բաց նամակով դիմում է վարչապետին, որպեսզի խնդրանքը տեղ հասնի
ОБЩЕСТВО«Հայկական ժամանակ»-ի խմբագրություն է դիմել հաշմանդամություն ունեցող, թոշակառու Իշխան Գեւորգյանը՝ խնդրելով հրապարակել վարչապետ Կարեն Կարապետյանին ուղղված իր բաց նամակը: Նամակը ներկայացնում ենք ստորեւ.
Բաց նամակ Ամենախոցելի խավից ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին
Խմբի հաշմանդամներին աջակցելու մասին
Հարգելի պարոն վարչապետ, համոզված եմ, որ մեր գրավոր դիմումին Ձեզ շրջանցելով են պատասխանելու, ստիպված ենք անօգնական հաշմանդամներիս խնդրի մասին Ձեզ տեղեկացնել մամուլով:
Սահմանադրորեն սոցիալական երկիր հռչակված Հայաստանում, չնայած ուշացումով, բայց 2007-ից սկսած փոխհատուցվում է սովետական խնայբանկերում ունեցած և մինչև դրամական ռեֆորմը բանկերում ներդրած տասնյակներ անգամ արժեզրկված ավանդները՝ ըստ տարիքի:
Առաջնահերթության կարգով վճարվում է նաև հայրենական և ղարաբաղյան պատերազմների մասնակիցներին, տարերային աղետներից տուժածներին և սահմանամերձ համայնքների բնակիչներին, իսկ Հայաստանի բյուջեից տարեկան 40 միլիարդ սնվող Ղարաբաղի բոլոր բնակիչների փոխհատուցումն ավարտվել է: Հայաստանում առաջին խմբի հաշմանդամների թիվը 10 հազարից չի անցնի, դրանց կեսից ավելին մանկահասակներ են, չփոխհատուցված ավանդ ունեցողները երևի կլինեն 150-200-ը, որոնք չնչին թոշակով ոչ միայն ամենախոցելին են, այլև բավարար դեղամիջոցների ու խնամքի հնարավորություն չունեն:
Պարոն վարչապետ, համոզված ենք, որ կառավարության նիստով 2018-ին ավանդների փոխհատուցման ցանկը հաստատելիս հաշվի կառնեք մեր խնդրանքը և առաջնահերթության կարգով կընդգրկեք նաև առաջին խմբի հաշմանդամներին, որոնց ավանդները մինչև Հայաստանի անկախանալը խնայածն է: Բոլոր հաշմանդամներս նախապես շնորհակալություն ենք հայտնում պարոն վարչապետին ու կառավարության անդամներին բարոյական ու մարդկային վերաբերմունքի համար:
Հարգանքներով՝ Իշխան Գևորգյան



