Ավտոբուսը մնացել էր ջրափոսում
ОБЩЕСТВОԵրեկ չէ առաջին օրը տեղացած հորդառատ անձրևը պատճառ էր հանդիսացել երթևեկության խաթարման ու քաղաքի մի շարք հատվածներում մեծ, շա՜տ մեծ ջրափոսերի գոյացման: Իհարկե ջրափոս անվանել այն տեղին չէ, քանի որ ականատեսներն ավելի համահունչ բնորոշում էին գտել՝ անվանելով այն լիճ:
Նմանատիպ մի լիճ էր գոյացել Գյուրջյան փողոցի վրա՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի մոտակայքում, որի մեջ երեկ բազմաթիվ ավտոմեքենաներ էին խցանվել: Այս ամենի հետևանքը ջրահեռացման համակարգի խափանումն էր եղել, ինչը դիտվել է քաղաքի մի քանի հատվածներում:
Ըստ ԱԻՆ կայքի՝ նոյեմբերի 9–ին, ժամը 16:39–ին ահազանգ էր ստացվել, որ Գյուրջյան փողոցի մի հատվածում ավտոմեքենան արգելափակվել է անձրևաջրերի մեջ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարներն արգելափակումից դուրս էին բերել «Opel Astra» մակնիշի 35 CX 442 պետհամարանիշով ավտոմեքենան:
Օպել մակնիշի ավտոմեքենայի բախտին էր արժանացել նաև 63 համարի երթուղային ավտոբուսը, որը մտնելով անձրևաջրի մեջ, այլևս չէր կարողացել առաջ շարժվել: Այդպես նա մնացել էր մի քանի ժամ: Ի տարբերություն ավտոբուսի՝ նույն վիճակում հայտնված 26 համարի գազել մակնիշի միկրոավտոբուսին օգնության էր եկել մեկ այլ 26 համարի գազել մակնիշի միկրոավտոբուսի վարորդ և հրելով դուրս էր բերել ջրից:
Խնդրի կարգավորմամբ անհանգստացած են եղել անձամբ քաղաքային իշխանությունները, որոնց անմիջական վերահսկողության տակ «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները առավոտյան ժամը 10–ի դրությամբ կարողացել էին այդ ջրափոսում գտնել դիտահոր, ապա և բացել այն: Դիտահորի բացման արդյունքում նկատվում էր, որ ջրի մակարդակը աստիճանաբար սկսում է նվազել:
Ի դեպ՝ այդ «լճակից» մի քանի պետհամարանիշ էր գտնվել, որոնցից մեկը վնասված էր, ինչը վկայում էր ջրափոսում ավտոմեքենաների խցանման մասին:
Գյուրջյան փողոցից ոչ այնքան հեռու՝ Նոր Նորքի առաջին զանգվածի Նոր Ջուղա փողոցը նույնպես դժվարանցանելի էր՝ մեծ ջրափոսի առկայության պատճառով: Իհարկե այս հատվածն ավելի լավ վիճակում էր գտնվում, քանի որ կուտակված ջրի մի մասը գտնվում էր թեքության վրա:
Հավելենք, որ երեկ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ նախորդ գիշեր Երևանում թափվել է ամբողջ նոյեմբեր ամսվա տեղումների քանակի չափ անձրև: Սա արդեն փոքր–ինչ հասկանալի է դարձնում երեկ քաղաքում ստեղծված իրավիճակը՝ խցանումը, ավտովթարներն ու ջրափոսերի առկայությունը:



