«Զվարթնոց» օդանավակայան–Երևան երթուղու վերջնակետը կլինի մետրոյի «Երիտասարդական» կայարանը
ОБЩЕСТВО«Զվարթնոց» օդանավակայան-Երևան 201 համարի ավտոբուսային երթուղին գործարկվելու է նոյեմբերի 11-ից՝ առավոտյան ժամը 07:00-ից մինչև 22:00-ն՝ 30 րոպե միջակայքով, 22:30-ից մինչև 07:00-ն՝ 1 ժամյա պարբերականությամբ։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ շարժվելով «Զվարթնոց» օդանավակայանից՝ ավտոբուսը կանգառներ է ունենալու Փարաքար, Արգավանդ գյուղերի մոտ, Կենտրոնական ավտոկայարանի, Մաշտոցի պողոտայի (նախկին «Փակ շուկա»), Ստեփան Շահումյանի անվան դպրոցի, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կանգառներում, մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ:
Վերջնակետից`մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտից, դեպի օդանավակայան ուղևորվելիս, ավտոբուսը կանգառներ է ունենալու Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ, «Հանրապետության» հրապարակում (Ազգային պատկերասրահի հարևանությամբ), Ամիրյան փողոցի, Մաշտոցի պողոտայի (նախկին Փակ շուկա), Կենտրոնական ավտոկայարանի, Արգավանդ և Փարաքար գյուղերի կանգառներում, «Զվարթնոց» օդանավակայանում:
Երթուղու ավտոբուսներում մոտ օրերս տեղադրվելու են նաև համապատասխան տերմինալներ, որոնց միջոցով մեր քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրյա զբոսաշրջիկները հնարավորություն են ստանալու ուղեվարձը վճարել իրենց բանկային քարտերով։



