Ով եկել է, խոստացել է ու գնացել.Գյուղացիները շարունակում են դաշտերը կոյուղաջրով ոռոգել
ОБЩЕСТВОԱրմավիրի մարզի Արմավիր և Մեծամոր քաղաքների կոյուղու ջրերով ոռոգվում են Զարթոնք համայնքի հողերը: Կոյուղաջրերը լցվում են այն ջրատարը, որտեղից պոմպերի օգնությամբ ոռոգում են համայնքի հողատարածքները:
Բնակիչները Past,am-ի թղթակցի հետ զրույցում բողոքեցին, որ կոյուղաջրերում պարունակվող վնասակար նյութերի մեծ չափաքանակը հանգեցրել է հակասանիտարական վիճակի: Գարշահոտությունն անհնարին է դարձնում համայնք մտնող ճանապարհով երթևեկությունը: Իրավիճակն ավելի է սրվում հատկապես ամռանը:
«Մենք ամեն պահի վախենում ենք, որ կարող է համաճարակ բռնկվել»,– մտահոգություն հայտնեցին նրանք:
Կոյուղու ջրերով ոռոգվում են նաև հարևան Եղեգնուտ և հարակից մի քանի համայնքների գյուղատնտեսական հողերը: Զարթոնքի բնակիչները դժգոհում են՝ այդ ջրի գարշահոտությունից դժվարությամբ են հողը ջրում: Մեծամորի կոյուղու ջրերն առանց մաքրվելու ուղղվում են գյուղատնտեսական մշակովի հողեր:
Նրանց խոսքով՝ արդեն մի քանի տարի է, ինչ լավ բերք չեն ստանում: Գյուղատնտեսական նշանակության հողերում մշակվում է սմբուկ, պղպեղ, սեխ, ձմերուկ և այլն: Բույսերն այստեղ ժամանակից շուտ չորանում են, ինչն ըստ գյուղացիների, պայմանավորված է կոյուղու չմաքրված ջրերով:
Համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի խոսքով՝ երկար տարիներ է, ինչ այս խնդիրը կա, իրենք այդ մասին չեն էլ իմացել: Վերջին տարիներին, երբ Սևջուր գետի ջրերը պակասել են, արդեն նկատելի է դարձել, որ երկու քաղաքների կոյուղաջրերը թափվում են ջրատարի մեջ: Իսկ այստեղ կոյուղաջրից բացի` այլ ջուր չի մտնում:
«Մենք ուրիշ բան չենք խնդրում, կառավարությանը խնդրում ենք այս կոյուղաջրերի հարցը լուծել»,– ասաց նա:
Սարգսյանը համայնքի թիվ մեկ խնդրի մասին ամեն տեղ բարձրաձայնել է: Լրատվամիջոցները գրել են, պատկան մարմինները եկել նկարահանել են կոյուղաջրերի թափման վայրն ու անվերադարձ հեռացել:
«Քանի տարի էս խոսակցությունները գնում են, ով եկել է, խոստացել է ու գնացել»,– ասաց նա:
Հերթական խոստումը վերջերս են ստացել: Վարչապետ Կարեն Կարապետյանին՝ մարզ այցելության ժամանակ, նույնպես խնդրի մասին հայտնել են: Նույն բառերը նաև նրանից են լսել:
«Ասել են՝ եկող տարի հարցը կկարգավորվի, բայց մենք չենք հավատում: Տենց խոստումներ շատ ենք լսել»,– նշեց մեր զրուցակիցը:
Համայնքապետը համոզված է՝ եթե շարունակաբար կոյուղաջուր տան գյուղացիներին, գյուղում անպայման խոլերայի բռնկում է լինելու: Այստեղ նաև ոռոգման ջրի դիմաց վճարվող գումարի մասին են անհանգստացած: Կեղտաջրի համար վճարում ենք այնքան, որքան մյուսները մաքուր ջրի դիմաց:
«Գումար ենք տալիս ու կեղտ ենք գնում, էդ ամբողջ կեղտաջուրը գալիս է բանջարեղենի վրա: Մենք էլ դրա հետ միասին գարշահոտություն ենք շնչում»,– վրդովվեցին զարթոնքցիները:
Խնդրի լուծումը Մեծամորի կոյուղաջրերի մաքրման կայանի շահագործման հետ են կապում: Մաքրման կայանն աշխատելու դեպքում կփոխվի ոռոգման համար նախատեսված ջրի որակն ու չի վնասի ոչ մարդկանց, ոչ էլ գյուղատնտեսությանը:
Մանյա Պողոսյան



