Մանկական ֆիլմերի երկրպագուների թիվն ավելանում է
ОБЩЕСТВОՆոյեմբերի 7–ին պաշտոնապես մեկնարկեց «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 13–րդ միջազգային փառատոնը: Բացման արարողությունն ուղեկցվեց տոնական միջոցառմամբ: Նախ՝ հետաքրքրական էր կազմակերպիչների յուրահատուկ մոտեցումն ու ժեստը. հյուրերի առաջին շարքերում բացառապես հայ զինվորներն էին, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից տղաները: Դահլիճի մյուս շարքերում արդեն փառատոնի կազմակերպիչներն էին, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանում Չեխիայի Հանրապետության լիազոր դեսպան Պետր Միկիսկան, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վոլինկինը, մշակութային և հասարկական գործիչներ:
ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ողջունելով ներկաներին, կարևորեց այն հանգամանքը, որ այս տարի փառատոնն ընդգրկում է Հայաստանի այլ քաղաքներ ևս:
«Տարեցտարի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի երկրպագուների թիվն ավելանում է: Փառատոնի շնորհիվ մեծ տարածում է գտնում նաև մանկական կինեմատոգրաֆիայի նկատմամբ հետաքրքությունը: Այս տարիների ընթացքում փառատոնը յուրահատուկ հարթակ է դարձել նոր մանկական ֆիլմերի համար: Իսկ միջոցառման բարեգործական ուղղվածությանը հանդիսատեսն ավելի լայն շրջանակ ունենալու հնարավորություն է տալիս»,–ասաց ՌԴ դեսպանը:
Ելույթի վերջում Իվան Վոլինկինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանին պատվոգիր հանձնեց ակտիվ գործունեության համար:
Փառատոնի շրջանակներում տեղի կունենա նաև ռեժիսոր Կարեն Շահնազարովի ««Աննա Կարենինա. Վռոնսկու պատմությունը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան:
Փառատոնի բացմանը ներկա էր նաև ֆիլմի գլխավոր հերոսի եղբոր դերակատարը՝ Իվան Կոլեսնիկովը:
Դերասանն իր ելույթը կատակով սկսեց. «Երեխաների համար ««Աննա Կարենինա. Վռոնսկու պատմությունը» շատ ուրախ ֆիլմ է: Հատկապես այն դեպքում, երբ գլխավոր հերոսուհին գնացքի տակ է նետվում: Երեխաներին երևի հետաքրքիր կլինի»:
Շարունակելով խոսքը, Իվան Կոլեսնիկովն ընդգծեց՝ հրաշալի է այն փաստը, որ կազմակերպվում են այնպիսի փառատոներ, ինչպիսին «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնն է:
«Կարծում եմ՝ յուրաքանչյուր ծնողի համար կարևոր է, որ իր երեխաների համար ավելի լավ լինի: Ինձ համար կարևոր է, որ իմ երեխաներն ինձնից խելացի լինեն: Համոզված եմ, որ բոլոր մանկական փառատոները կստեղծեն այն հնարավորությունը, որի միջոցով մենք կկարողանանք մեր երեխաներին տալ այն, ինչը կօգնի նրանց դառնալ ավելի լավը՝ քան մենք ենք»,–հավելեց դերասանը:
Միջոցառման ժամանակ ներկայացվեցին փառատոնի ծրագրում ընդգրկված ֆիլմերի անոնսները, անվանակարգերն ու ժյուրիի կազմերը: «Խաղարկային ֆիլմեր» անվանակարգում ժյուրիի անդամներ կլինեն Լոռու մարզի Ալավերդի, Շնող, Վանաձոր և Թեղուտ համայնքների երեխաները: «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի ժյուրիի կազմում կլինեն Գավառի մանկատան սաները, իսկ «Անիմացիոն ֆիլմեր» անվանակարգում՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեխաները: «Ես իրավունք ունեմ» անվանակարգում էլ ժյուրիի կազմում ներգրավված են Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները: «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ֆիլմերի անվանակարգում էլ ընդգրկվել են Հայաստանի և Արցախի զորամասերի զինվորները:
Նշենք, որ փառատոնի բացմանը ներկա էր նաև «Երալաշ» մանկական կինոամսագրի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր և սցենարիստ Բորիս Գրաչևսկին, ով իր երախտագիտությունը հայտնեց փառատոնի կազմակերպիչներին:
Միջոցառումը եզրափակվեց օսկարակիր «Երգիր» ֆիլմի ցուցադրմամբ:
Աննա Բադալյան



