Աշխարհը զգաց համամարդկային հեղափոխության ազդեցությունը
ОБЩЕСТВОՆշվեց Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության 100–ամյակը
Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության ներակայացուցիչները երեկ նշելու առիթ ունեին: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության 100–ամյակը մեկտեղել էր կուսակցության ներկայացուցիչներին:
Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունն իրագործել է Ռուսաստանի սոցիալ–դեմոկրատական բանվորական կուսակցությունը՝ Վլադիմիր Իլյիչ Լենինի գլխավորությամբ: Հեղաշրջման հետևանքով տապալվել է 1917թ.–ի Փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխությունից հետո Ռուսաստանում ստեղծված ժամանակավոր կառավարությունը։
Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՄԿԿ նախագահ Վազգեն Սաֆարյանը: Ողջունելով ներկաներին, նա շեշտեց. «Աշխարհի առաջադեմ մարդկությունն այս օրը նշում է որպես աշխարհի վերափոխման և նոր ժամանակների ազդարարման օր: Այո, 1917 թ. հոկտեմբերի 25–ին ազդարարվեց նոր ժամանակների սկիզբը: Այդ պատմական և դարակազմիկ իրադարձությունից 100 տարի է անցել: Աշխարհի բոլոր ծագերում գտնվող մարդիկ իրենց կյանքի վրա զգացին այս համամարդկային հեղափոխության ազդեցությունը: ԽՍՀՄ–ը գործնականում դրեց սոցիալիզմի քաղաքակրթության հիմքը:
Երկիր, որն իր մեկ վեցերորդի վրա ստեղծեց որակապես նոր պետություն, որտեղ քաղաքական իշխանությունը պատկանում էր ժողովրդին, բանվորներին և գյուղացիներին: Ծանր փորձություններով լի էին նորաստեղծ խորհրդային Ռուսաստանի պետականաշինության առաջին քայլերը: Ներքին ռեակցիա, դիվանագիտական մեկուսացում, տնտեսական շրջափակում, քաղաքացիական պատերազմ, արտաքին աշխարհի թշնամական վերաբերմունք: Այս ամենը խորհրդային իշխանության դեմ պայքարում զինել էր հակահեղափոխական ուժերին: Սակայն բոլշևիկյան կառավարությունը Վլադիմիր Իլյիչ Լենինի գլխավորությամբ կարողացան պաշտպանել և ընթանալ զարգացման ճանապարհով, որը սոցիալիզմի ճանապարհն էր: Աշխարհի ժողովուրդները սթափվեցին և սկսեցին պայքարել իրենց իրավունքների համար»:
Վազգեն Սաֆարյանն ընդգծեց, որ գրեթե բոլոր երկրներում ստեղծվեցին կոմունիստական բանվորական կուսակցություններ:
«Ոմանք հարց են տալիս, ինչո՞ւ հենց Ռուսաստանում հաղթանակեց սոցիալիստական հեղափոխությունը: Չէ՞ որ Մարքսիզմի հիմնադիրներ Կառլ Մարքսը և Ֆրիդրիխ էնգելսը գտնում էին, որ հեղափոխությունը կհաղթանակի Եվրոպայի տնտեսապես զարգացած և կապիտալիստական երկրներում: Իսկ գիտական կոմունիզմի հիմնադիրները գտնում էին, որ արտադրողական ուժերի հակասությունները պետք է ավարտվեն հեղափոխությամբ և այդպես էլ եղավ: Վլադիմիր Իլյիչ Լենինը կարողացավ զարգացնել Կառլ Մարքսի տեսությունը: Նա նոր իրողություններով ապացուցեց, որ հեղափոխությունը կարող է հաղթանակել նաև կապիտալիստական երկրների շղթայի օղակում՝ Ռուսաստանում»,– ընդգծեց ՀԱՄԿԿ նախագահը:
Հանդիպման երկրորդ հատվածում տեղի ունեցավ կուսակցության 5–րդ համագումարը, որը նվիրված էր Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության 100–ամյակին:
Աննա Բադալյան



