Մի շարք համայնքներում վերջին տարիներին երեխաներ չեն ծնվում
ОБЩЕСТВОՍյունիքի մարզի Կապան քաղաքի կազմում գտնվող Նորաշենիկ համայնքում այս տարի մանկան ճիչ չի լսվել: Նախորդ տարի է միայն մեկ ծնունդ գրանցվել:
Նորաշենիկ համայնքի ներկայացուցիչ Ռոմիկ Ավանեսյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ վերջին 5–6 տարիների ընթացքում, ցավոք, երեխա չի ծնվում: Բնակչության 80%–ը այստեղ 60–ից բարձր տարիքի է:
Երիտասարդները քիչ են: Աշխատանք չլինելու պատճառով նախընտրում են լքել գյուղը և Կապանում կամ Երևանում աշխատանք գտնել:
«Քաղաք տեղ է, ոնց էլ լինի մի աշխատանք կգտնվի, իսկ գյուղում ոչինչ չկա: Գնում են Երևան, մի օֆիսում աշխատում են, գիտեն, որ ստաբիլ իրենց աշխատավարձն ունենալու են»,– նշեց Ավանեսյանը` հավելելով, որ երեխա ունեցողներն էլ նրանց գյուղից հեռանում են: Ցանկանում են դաստիարակել մայրաքաղաքում, որտեղ ապրելու պայմաններն ավելի բարեկեցիկ են:
Ծնունդների թվաքանակի պատճառով է, որ Նորաշենիկում մանկապարտեզ չկա:
Արմավիրի մարզի Կողբավան համայնքում էլ մեկ ծնունդ է գրանցվել:
Վերջին երկու տարիների ընթացքում այստեղ փոքրիկներ լույս աշխարհ չեն եկել: Միայն 2014 թվականին է մեկ երեխա ծնվել:
Սոցիալական և կենցաղային վատ պայմաններից ելնելով` այսօր կողբավանցիները երեխաներ չեն ցանկանում ունենալ: Կողբավանում փաստացի 200 բնակիչ կա, բայց նրանց 30–40%–ը դրսում է: Այստեղից դեռ արտագաղթը կանգ չի առել:
«Անցյալ տարի մեկ ընտանիք գնաց: Աշխատանք չկա, անասնապահությամբ են միայն զբաղվում, դա էլ եկամուտ չի բերում: Այստեղ ապագա չկա»,– ասացին կողբավանցիները:
Այստեղ երեխաների քիչ թվաքանակը չի բերել դպրոցի փակման, այլ հենց դպրոց չլինելու պատճառով են մարդիկ հեռացել: Կողբավանը դպրոց չունի հիմնադրման օրվանից:
«Տեսան, որ դպրոց չկա ու չի էլ կառուցվելու, գյուղացիների մեծ մասը տարբեր ժամանակներում տները թողեցին և գնացին կողքի համայնքներում ապրելու։ Հիմա էլ մարդ չի մնացել, էլ ո՞ւմ համար դպրոց սարքեն, չեմ պատկերացնում, որ կարող են 10 երեխայի համար դպրոց կառուցել»,– նշեցին նրանք:
Այս համայնքում ապրելու պայմաններ գրեթե չկան: Ճանապարհները քանդուքարափ վիճակում են՝ առանց լուսավորության: Կողբավանցիներն անգամ խմելու ջրից են զրկված, այն գնում են: Ամենամոտ աղբյուրը հասնելու համար անհրաժեշտ է անցնել 8 կիլոմետր, իսկ համայնքին ջուր մատակարարելու համար պետք է ջրագիծը հասցնել Կողբավան, այնուհետև պոմպերի միջոցով գյուղացիներին ջուր տալ։
«Այս խնդիրներին կդիմանանք, եթե աշխատանք լինի»,– ասացին նրանք:
Ի տարբերություն Կողբավանի՝ Լոռու մարզի Պաղաղբյուր համայնքում ծնելիության ցածր ցուցանիշի պատճառով նախորդ տարի դպրոցը փակվեց: Աշակերտները ուսումը շարունակում են Մեծավանի և Ձյունաշողի դպրոցներում: Վրաստանին սահմանակից համայնքում ինն ամիսնների ընթացքում 2 ծնունդ է գրանցվել: Միաժամանակ նշեցին, որ թիվը գնալով նվազում է:
«Երիտասարդները հեռացել են: Մնացած ջահելներն էլ մեկ–երկու երեխա են ունենում, որ կարողանան պահել: Մարդիկ հազիվ են յոլա գնում»,– փոխանցեցին նրանք:
Մանյա Պողոսյան



