Ճամբարակում բացվեց երթեւեկության կանոնների ուսուցման խաղահրապարակ
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում բացվեց երթեւեկության կանոնների ուսուցման խաղահրապարակ, որն իր բնույթով մարզում առաջին ու առանձնահատուկ նախաձեռնությունն է՝ ինչպես երեխաների ժամանցի կազմակերպման, այնպես էլ երթեւեկության կանոնների տիրապետման, ճանապարհատրանսպորտային պատահարներից հնարավորինս խուսափելու տեսանկյունից:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ խաղահրապարակի բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը, Ճամբարակի կրթական եւ մշակութային հաստատությունների տնօրեններ, ծնողներ եւ աշակերտներ: Ինչպես բացման խոսքում նշեց «Կայուն զարգացման նախաձեռնությունների «Աստղացոլք» ՀԿ նախագահ Իրինա Հովհաննիսյանը, իր բնույթով մարզում առաջին, առանձնահատուկ այս խաղահրապարակը ստեղծվել է իրենց կազմակերպության մտահղացմամբ ու նախաձեռնությամբ, «Գործընկերություն եւ ուսուցում» ՀԿ տեխնիկական աջակցությամբ եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Հայաստանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:
«Բարեկարգվել է «Երեխայի զարգացման կենտրոնի» բակային տարածքը, գծանշումներով ստեղծվել է ճանապարհային մակետ, տեղադրվել են երթեւեկությունը կարգավորող նշաններ, ձեռք են բերվել հեծանիվներ, ինքնագնացներ, անվավոր չմուշկներ, առաջիկայում կունենանք նաեւ ինքնաշարժ խաղալիք ավտոմեքենաներ, որոնցով մեր կենտրոն հաճախող երեխաները, ինչպես նաեւ քաղաքի դպրոցների աշակերտները կարող են հաճելի ժամանակ անցկացնել խաղահրապարակում՝ միաժամանակ սովորելով երթեւեկության կանոնները:
Մենք ամեն օր լսում ենք, թե որքան դժբախտ դեպքեր են գրանցվում ճանապարհատրանսպորտային պատահարներից, որոնց նվազեցման ամենաարդյունավետ միջոցը վաղ տարիքում երեխային երթեւեկության կանոնները սովորեցնելն է: Մեր կենտրոն հաճախող հատուկ կարիքավոր 60 երեխաների կողքին խաղահրապարակից կարող են օգտվել քաղաքի հարյուրավոր երեխաներ, որոնք հետագայում կկարողանան դրսեւորել ավելի ապահով ու անվտանգ վարքագիծ»,-նշեց Իրինա Հովհաննիսյանը:
«Շատ հետաքրքիր ու կարեւոր նախաձեռնություն է հանդես բերել «Աստղացոլք» հասարակական կազմակերպությունը, քանի որ ժամանակակից աշխարհում պարտադիր է տիրապետել մի շարք գիտելիքների եւ կենսական անհրաժեշտության ուղղությունների, որոնցից մեկն էլ ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոններին տիրապետելն է:
Համոզված եմ, որ այս ծրագիրը կտա սպասված արդյունքը եւ օրինակելի կլինի այլ հաստատությունների համար»,-նշեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գարիկ Բադալյանը: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը, իր հերթին արդյունավետ գնահատելով ծրագիրը, նշեց, որ ԱՄՆ կառավարությունը Հայաստանի Հանրապետությունում ծավալած 25 տարիների դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ զարգացման ընթացքում տրամադրած օժանդակության 60 տոկոսը հատկացրել է հասարակական կազմակերպությունների միջոցով, որոնցից մեկն էլ այս ուրույն ծրագիրն է:
«Աստղացոլք» ՀԿ «Երեխայի զարգացման կենտրոն» են հաճախում սոցիալապես խոցելի խմբերի խնամքի հատուկ կարիք ունեցող 60 երեխա, որոնց տրամադրվում է հոգեբանի, սոցիալական աշխատողի, գեղարվեստական եւ մարզական թերապիայի ծառայություններ: Այստեղ գործում է նաեւ խեցեգործության խմբակ:
http://armenpress.am/arm/news/



