Եվրամիության հետ ստորագրվելիք համաձայնագիրը հնարավորությունների մեծ դաշտ է Հայաստանի համար. փորձագետ
ПОЛИТИКАԵվրամիության եւ Հայաստանի միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հնարավորությունների մեծ դաշտ է բացում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ քաղաքական հարցերով փորձագետ Մանվել Ղումաշյանը: «Ցանկացած կետ, որ կարդում ենք, տեսնում ենք, որ այստեղ դրված են լավ տնտեսական հիմքեր: Եթե դիտարկենք զուտ այն խոչընդոտները, որոնք կարող են խանգարել՝ օրինակ՝ տեսականորեն ռուսական, ներհայկական, ադրբեջանական, կամ ԵՄ գործոնի հետ կապված, դրանք բավականին չնչին են»,-նշեց փորձագետը:
Նա ընդգծեց, որ որեւէ հակասություն չի տեսնում այս եւ ԵԱՏՄ պայմանագրի միջեւ, ավելին, չի կարծում, որ այս համաձայնագիրը համաձայնեցված չէ ԵԱՏՄ գործընկերների հետ:
«Նորից եմ կրկնում՝ սա հնարավորությունների մեծ դաշտ է, եւ ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով մենք կօգտվենք դրանցից, ընդ որում, ոչ միայն իշխանությունները, այլեւ հանրությունը, որովհետեւ լավ բան չի ստացվի, եթե հանրությունը պասիվ լինի եւ միայն ասի, թե այս կամ այն գերատեսչությունը զլանում է ինչ-որ բան անել»,-եզրափակեց նա:
ԵՄ-Հայաստան համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում:



