Շտապ օգնության ծառայությունը վճարովի դարձնելու նախագիծ չկա. նախարար
ПОЛИТИКАՀայաստանի առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը վստահեցնում է, որ շտապ օգնության ծառայությունը վճարովի դարձնելու նախագիծ չկա, իսկ առաջիկա մեկ տարում այդ հարցին չեն անդրադառնա: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծեց, որ շտապ օգնության ծառայությունը վճարովի դարձնելու մասին ընդամենը իր տեսակետն է հայտնել:
«Սա ուղղակի զրույց էր, կարծիքների փոխանակում: Ես պատմում էի իմ փորձը, երբ որ երկրորդ կուրսից մինչև ինստիտուտն ավարտելն աշխատում էի շտապ օգնությունում: Սա նախագիծ չէ, հիմնված չէ ինչ-որ լուրջ ուսումնասիրությունների վրա: Դրա հետ մեկտեղ այս հայտարարությունը չի նշանակում, որ հարցն արդիական չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարարը:
Ըստ նախարարի՝ հարցն արդիական է. կան անարդյունավետ կանչեր, կան կանչեր, որոնք բնակչության ոչ իրազեկվածության կամ մի քիչ էլ չարաշահման հետևանք են:
Ալթունյանն ասաց, որ առաջիկա կես կամ մեկ տարում նման փոփոխություն չի նախատեսվում:



