Շանս հայկական ֆուտբոլի համար
АНАЛИТИКА
Ալաշկերտ ֆուտբոլային ակումբն իր կայքում հետևյալ բովանդակությամբ հաղորդագրություն է տեղադրել: «Ուրախալի լուր` հայկական ֆուտբոլում: Այս տարվա դեկտեմբերից Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտին» հովանավորչական աջակցություն կցուցաբերի մեր հայրենակից, հայտնի գործարար և բարերար, «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը: Հնարավոր է, «Ալաշկերտ» ՖԱ-ն անվանակոչվի «Ալաշկերտ-Տաշիր»: Հովանավորչական այս հզոր ներդրումը կնպաստի Հայաստանի չեմպիոնի առաջընթացին և լավ նախադրյալներ կստեղծի, որպեսզի հայկական ակումբն առաջիկայում մրցունակ ելույթներ ունենա եվրոպական մրցասպարեզում և բարձր արդյունքներ արձանագրի ՝ ուրախացնելով մեր հայրենակիցներին»:
Տաշիր գրուպի մասշտաբի ընկերության ներկայությունը հայկական ֆուտբոլում իսկապես հեռանկարային է թվում: Ալաշկերտի դեպքում, երբ թիմն արդեն իսկ կայացել է, ու հետագա առաջընթացը կախված է հիմնականում ֆինանսական ներդրումներից, որը կօգնի թիմին հանդես գալ նաև եվրոլիգաներում, Տաշիր գրուպի ներգրավվումը նշանակում է լուրջ հաջողությունների գրավական:
Ցավոք ինստիտուցիոնալ մակարդակում բարդ է զարգացնել հայկական ֆուտբոլն ամբողջությամբ: Ադրբեջանում այդ խնդիրը ևս լուծվեց առանձին վերցրած մեկ ակումբի մակարդակով. արդյունքում Ղարաբաղը հիմա հանդես է գալիս Չեմպիոնների լիգայի խմբային փուլում ու պրոպագանդում թե Ադրբեջանը, թե ադրբեջանական ֆուտբոլային ինդուստրիան:
Նույնը կարող է լինել նաև Ալաշկերտի դեպքում, եթե այդ ներդրումները կայանան: Սա իսկապես հիանալի շանս է, ընդ որում, ոչ միայն Ալաշկերտի համար: Հանրային մեծ աջակցության ու համակրանքի երաշխիքներ է ստեղծում նաև Տաշիր գրուպը: Ալաշկերտի ցանկացած միջազգային հաջողություն այսուհետ նշանակելու է նաև Սամվել Կարապետյանի հանդեպ հանրային վերաբերմունքի փոփոխություն: Մանավանդ, որ ֆուտբոլը հիմա ավելին է քան սպորտը, այն հանրային կյանքի կարևոր մաս է, բիզնես, շոու, քաղաքականություն:
Սարգիս Մեսրոպյան




















































