Ֆրանսիական Նոր Կալեդոնիան կինքնորոշվի
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի իշխանությունները քաղաքական համաձայնության են եկել ֆրանսահպատակ Նոր Կալեդոնիայի տեղական իշխանությունների հետ՝ 2018–ին Ինքնորոշման հանրաքվե կազմակերպելու խնդրի շուրջ: «Մենք քաղաքական համաձայնության ենք եկել այս հարցում, և, որ պակաս կարևոր չէ, մեր կողմից վստահություն է հայտնվել համաձայնել ցանկացած արդյունքի հետ»,– հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը:
Անշուշտ, խնդրո առարկայից անտեղյակ մարդու մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ, դիցուք, Իսպանիայի համեմատությամբ՝ Ֆրանսիան շատ ավելի ժողովրդավարական դիրքորոշում է հանդես բերում իր ենթակայությամբ ապրող ժողովուրդների ինքնորոշման հարցի առնչությամբ: Միևնույն ժամանակ չպետք է մոռանալ այն հանգամանքը, որ Խաղաղ օվկիանոսի հարավ–արևմուտքում գտնվող համանուն այս կղզում տեղակայված Նոր Կալեդոնիայում ինքնորոշման հանրաքվեն բոլորովին կապ չունի եվրոպական անջատողականության վերջին գործընթացների հետ և պայմանավորված է դեռ 1998–ին ստորագրված մի Համաձայնագրով, որով Ֆրանսիան միջազգային հանրության առջև Խաղաղօվկիանոսյան արշիպելագը ապագաղութացնելու հանձնառություն էր ստանձնել: Ֆրանսիան, այսպիսով, մի կողմից՝ իր գաղութարար անցյալից է փորձում ազատագրվել (դրա խոսուն վկայություններն են ցայսօր ֆրանսահպատակ Ֆրանսիական Պոլինեզիայի՝ Թաիթիի, Բորայի, Մուրեայի, Մարկիզյան կղզիների, Սեն Պիեռի և Միքելոնի, Մայոտի, Նոր Կալեդոնիայի, Ուալիսի և Ֆուտունայի անդրծովյա տարածքները), մյուս կողմից՝ անշուշտ, փորձում է բարձրացնել նաև իր միջազգային վարկն ու նաև թեթևացնել իր անհարկի բեռը:
Գալով Նոր Կալեդոնիային՝ հարկ է նշել, որ կղզին հայտնաբերվել է 1774–ին՝ Ջեյմս Կուկի կողմից և Կալեդոնիա է կոչվել նրա շոտլանդական նախնիների պատվին: Կղզու նախաեվրոպական հայտնի պատմությունը հասնում է մինչև Ք. ա. 13–րդ դար, որովհետև պեղումների ամենահին գտածոները հենց այդ դարին են պատկանում: Սակայն, եվրոպացիների ակտիվ շարժն այստեղ միայն 1840–ին է գրանցվել, երբ ֆրանսանգլիական միսիոներները սկսեցին քրիստոնեություն տարածել, իսկ առևտրականներն ու գործարարները՝ խունկ, սուրճ, կոկոս արտահանել և ոսկու, կաուչուկի, կոբալտի, խրոմի, նիկելի, երկաթի, մանգանի ու ցինկի հանքեր արդյունահանել: Իսկ ահա ֆրանսիական անդրծովյա տարածքի կարգավիճակ Կալեդոնիան ստացավ 1946–ին: Եվ չնայած 80–ականներին ու 90–ականներին բնիկ մելանեզացիներն անկախության պահանջով անկարգություններ հրահրեցին մայրաքաղաք Նումեայում՝ Ֆրանսիան ոչ մի կերպ չէր համաձայնում ապագաղութացմանը և միայն 1998–ին ընդառաջ գնաց Կանակների սոցիալիստական ճակատին ու Ազգային շարժման խորհրդին՝ համաձայնելով ինքնորոշման գաղափարին և կղզու ապագաղութացման համաձայնագրի ստորագրմանը: Հետաքրքիր է, որ չնայած Անկախության հանրաքվեն այդ ժամանակ բավարար չափով ձայներ չհավաքեց 245000 բնակչությամբ Կալեդոնիայում (բնակչությունն, ի դեպ, 60%–ով կաթոլիկ է, 30%–ով՝ բողոքական, 4% են կազմում սունի մահմեդականները, մնացածն այլ հավատքի են, բայց բոլորի լեզուն ֆրանսերենն է), Ֆրանսիան խոստացավ չխոչընդոտել 2018–ին նոր հանրաքվեի անցկացումը, որն, ինչպես տեսնում եք, իրականություն է դառնում: Հուսանք՝ գործընթացը կընդլայնվի մնացած տարածքների ու երկրների դեպքում, և 21–րդ դարն ամբողջովին կսրբագրի նախորդ դարի գաղութարարության հետևանքները:



